Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Նիկոլ Փաշինյանի կասկածելի որոշումը

Серж Саргсян Никол Пашинян

Ըստ «Ժամանակ» թերթի՝  կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, սահմանել որպես «Քաղաքացու օր»՝ հայտարարելով այն ոչ աշխատանքային։ Թերթը գրում է, որ այս նախաձեռնությունը կքննարկվի և հավանության կարժանանա հաջորդ հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում, որպեսզի մինչև ապրիլի 23-ն ընդունվի խորհրդարանի կողմից, մտնի ուժի մեջ և հնարավոր լինի տոնել։

Սովորաբար անկախությունից հետո պետական տոներ են սահմանվել միայն այն օրերը, որոնք ունեցել են բացառապես համազգային կարևորության բնույթ ու հիմք են հանդիսացել մեր պետականության վերականգնման ու կարևորությամբ թիվ մեկ ինստիտուտների ստեղծմանը։ Օրինակ, անկախության, սահմանադրության ու հայոց բանակի օրերը։ Կան օրեր, ինչպես օրինակ Հռչակագրի օրը, որոնք թեպետ ոչ պակաս կարևորություն ունեն հայոց պետականության վերականգնման գործընթացում, սակայն չունեն պետական տոնի կարգավիճակ։

Վերը թվարկածները օրեր են, առանց որոնց չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար նաև ներկայիս կառավարությունը։ Մնացյալ բոլոր տոն կամ հիշարժան օրերն անցել են պատմական փորձություն ու սահմանվել են ոչ թե ժամանակակիցների, այլ հաջորդ սերունդների կողմից։

Ըստ այդմ, որքանո՞վ է արդարացված ապրիլի 23-ը տոն հռչակելը։ Անցե՞լ է այն պատմական ճանապարհ, հնարավո՞ր է այսօր այն օբյեկտիվորեն գնահատել։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ներկայիս վարչակարգի հաստատումը պետության համար ճակատագրական ու բացառիկ իրադարձություն է, որը պետք է տոնեն հաջորդ սերունդները։ Արդյո՞ք ներկայիս վարչակարգն իր մեջ ներառում է համազգային ու համահայաստանյան իղձերի իրականացման հնարավորությունը։

Արդյո՞ք այս նախաձեռնությունը արդարացված է ու բարոյական։ Արդյո՞ք ներկայիս կառավարությունը չի օգտվում դեռևս պահպանված էյֆորիկ վիճակից, չի օգտվում մարդկանց հույսերից ու հավատից ու չի փորձում մանիպուլիացիոն ճանապարհով հավերժացնել իրեն, ջնջելով իրենից առաջ եղած պատմությունը կամ առնվազն սևացնելով այն։

Չէ որ այդ պատմության ընթացքում  որքան էլ դժվար օրեր լինեն, այնուամենայնիվ, այն ունի պատմական նշանակություն։ Որքան էլ դժգոհենք այդ օրերի իշխանություններից, ամեն դեպքում նրանք մարդիկ են, ովքեր ունեցել են հայոց պետականության վերականգնման ու արցախյան ազատագրական պատերազմի գործում անկրկնելի ներդրում։

Իսկ ի՞նչ ներդրում ունեն այսօրվա կառավարության շատ անդամները։ Լավ, թե վատ, համեստությունը չէր խանգարի, որ դա գնահատեր հասարակությունը, այլ ոչ իրենք իրենց։ Իսկ հասարակության իրական գնահատականը կերևա 5 տարի անց, հաջորդ խորհրդարանական ընտրություններին։

Բացի այդ արդյո՞ք Հայաստանում վերջնականորեն հաղթահարել է ժողովրդավարությունը։ Արդյո՞ք միայն մեկ համապետական ընտրությունը բավարար է նման եզրահանգման գալու համար։ Չէ որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր երբ այս կամ այն պետությունը բացառապես ժողովրդավարական ճանապարհով հայտնվել է բռնապետության գրկում։

Բացի այդ, արդյո՞ք ներկայիս վարչակարգը ողջ հայության ու ողջ հայաստանյան հասարակության երազանքն է։ Եթե այո, ապա վայ մեզ, որովհետև կյանքում ժողովրդի բացառիկ ու անկրկնելի թեկնածուից դեպի ամբողջատիրություն մեկ քայլ է։ Այն պարզ պատճառով, որ այլընտրանքի բացառումը ժողովրդավարության մահն է։

Եթե ոչ, ապա ապրիլի 23-ը համազգային տոն սահմանելը վիրավորանք է հասարակության այն հատվածին, ով իրեն համարում է ընդդիմադիր։

Այնուամենայնիվ, սրանք հարցեր են, որոնք պետք է ստանան իրենց հստակ պատասխանները, ու ոչ թե այսօր, այլ տարիներ անց։

Եվ միայն տարիներ անց կարելի կլինի համարել, որ Հայաստանում կամ վերջնականորեն հաղթանակել է ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, կամ մենք կատարել ենք հերթական պատմական պտույտը։ Եկեք չմոռանանք, որ 1991թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես մաքուր ժողովրդավարական ճանապարհով ընտրվեց նախագահ։

Արման Հակոբյան

 

Տեսանյութեր

Live

Լրահոս