Վահագն Խաչատուրյանն ու Ջոն Գալագերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը, ողջունելով հյուրին, շնորհավորել է դեսպանին Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ կառավարության ձևավորումը կնպաստի Միացյալ Թագավորության ներքաղաքական կյանքում կայունության հաստատմանը:

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ պատիվ է հյուրընկալվել Հանրապետության նախագահի նստավայրում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկայում Շարմ էլ Շեյխում կայանալիք ՄԱԿ-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի համաժողովի օրակարգային թեմաներին:

Հանրապետության նախագահը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ակնկալիքներն ու դիրքորոշումները համաժողովից, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է ինչպես Եվրամիության և միջազգային գործընկերների հետ կնքած պայմանավորվածությունների, այնպես էլ «Փարիզյան կոնվենցիայով» ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման հարցերում: Նախագահ Վահագն խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայումս բնակլիմայական փոփոխությունները, դրանց նկատմամբ հակազդեցությունը սահմաններ չի ճանաչում և բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան դրանց դիմակայելու գործում:

Դեսպան Գալագերը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հայաստանին «Կանաչ տնտեսության», գյուղատնտեսության արդիականացման և հարակից ոլորտներում բարեփոխումների իրականացմանն, ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ գործնական ծրագրերի կյանքի կոչման հարցերում:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունն ու սերտ շփումները:

--00—ԻԴ