Պեմզաշենում մոր ու երկու երեխայի սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

98420afa394c7c7a0ca929fbadf9ff34.jpg

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխայի հետ:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12։25-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:

«Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից», - նշել է դատախազը:

Դատախազության տեղեկություններով՝ ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ:

«Կա տեղեկություն, որ հայրը երկրում չէ, բայց այս պահին ամեն ինչ ստուգվում է», - նկատել է դատախազն՝ ընդգծելով, որ այս պահին նաև հստակ չէ, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել:

«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերները, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են 911», - մանրամասնել է Գուրգեն Գրիգորյանը:

 --00—ԶՀ