Ալիևը պահանջում է ՀՀ-ում ադրբեջանական և թուրքական համայնքների ստեղծում, նպատակը ՀՀ-ն ոչնչացնելն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ում ադրբեջանական և թուրքական համայնքների վերստեղծում և նրանց իրավունքների վերականգնում, նրա նպատակը, ոչ միայն Արցախն է, այլ Հայաստանի ոչնչացումը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Նրա համոզմամբ, Ալիևի 5 կետանոց առաջարկն ամբողջությամբ բանակցային փաթեթում ներառվել է, նրան հաջողվել է իր օրակարգը թելադրել, դրա մեղավորը ոչ թե միջնորդներն են, այլ Հայաստանի դիրքերի թուլությունն ու ռազմավարության բացակայությունը:

Անդրադառնալով Ալիևի ելույթին՝ քաղաքագետը նշեց, որ նա պարզ ասում է՝ դուրս բերեք զորքերը Արցախից, զինաթափեք Արցախի ՊԲ-ն, որպեսզի Արցախի բնակչության դեմ իրականացնեմ ռազմական օպերացիա:

«Վտանգի տակ ենք, Ադրբեջանը նոր պատերազմ կարող է սկսել, պետք է ռազմավարություն մշակենք, ոչ թե բանակցությունները տապալենք, հետո մտածենք, թե զինվորը ոնց պահի սահմանը:

Հայաստանն Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները լավացնելու փոխարեն 30 տարի է քննարկում է՝ Արևմու՞տքը, թե՞ Ռուսաստանը: Խնդրի լուծումը մեկը մյուսով փոխարինելը չէ, հատկապես Արևմուտքն այս տարածաշրջանում անմիջականորեն ներկայացված չէ, ռուսական զորքը ՀՀ-ում, Արցախում բավական մեծ է՝ մոտ 5000, Արևմուտքն այստեղ նույնիսկ 500 զինվոր չի ուղարկի:

Հայաստանը պետք է համալրի անվտանգային ճարտարապետությունը նոր խաղացողներով, առաջնային է Հնդկաստանի, Իրանի և արաբական երկրների հետ հարաբերությունները լավացնելը: Ֆրանսիան Թուրքիային զսպելու շահեր ունի, բայց, տեսնելով ՀՀ-ի պասիվությունը, ասում է՝ միջնորդի դեր կստանձնեմ»,- ավելացրեց նա:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ