«Սեքյուրիթի Դրիմ»-ը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

36

«Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության։

Ընկերութունը դիմել է դատարան՝ վիճարկելով «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին կառավարության որոշումը։

Դատարանը, սակայն, մերժել է հայցադիմումի ընդունումը՝ գտնելով, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության։

«Դատարանը գտնում է, որ Կառավարությունը, ընդունելով վիճարկվող որոշումը, հանդես է եկել ոչ թե որպես գործադիր իշխանության մարմին, որն իր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով կարգավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ առաջացող իրավահարաբերությունները և սահմանում է նրանց համար վարքագծի կանոններ, այլ՝ որպես պետական կազմակերպության հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) ներկայացուցիչ, որն իր ներքին իրավական ակտով ստեղծում է պետական կազմակերպություն: Վիճարկվող որոշումն ուղղված չէ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, այն պետական կառավարման համակարգին սպասարկելու նպատակով ստեղծում է պետական կազմակերպություն: Այս ակտի միակ հասցեատերը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, այն չի առնչվում հայցվորի իրավունքներին:

Ինչ վերաբերում է հայցվորի բարձրացրած խնդրին, այն վերջինիս և Կառավարության միջև առաջացած քաղաքացիական հարաբերությունների տիրույթում է: Եթե հայցվորը գտնում է, որ Կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, նա կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունները, անկախ դրանց վիճակից և բովանդակությունից, առնչություն չունեն վիճարկվող որոշման հետ և չեն դարձնում այն հայցվորի իրավունքներին առնչվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ վիճարկվող որոշումը ներքին իրավական ակտ է, որը չի կարգավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ հայցվորի) հետ առաջացող արտաքին հարաբերություններ, ուստի չի կարող բողոքարկվել դատական կարգով», - ասվում է Վարչական դատարանի որոշման մեջ։

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք՝ դեռ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:

Այդ օրը Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

Հոկտեմբերի 20-ի կառավարության նիստում էլ հայտարարվեց, որ այդ օրվանից  երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը:

--00—ԻԴ