Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի. նրանց մեծ մասը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ֆդ

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից:

5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարվածել է Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Արևմտյան Ճավա նահանգում՝ զգալի վնաս հասցնելով Չիանջուր քաղաքին: Առնվազն մեկ գյուղ թաղվել է սողանքի տակ:

Ըստ Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Հենրի Ալֆիանդիի՝ սողանքները և դժվարանցանելի ճանապարհները խոչընդոտում են փրկարարների աշխատանքին:

«Զոհերի մեծ մասը երեխաներ են, քանի որ ցերեկվա ժամը 1-ին նրանք դեռ դպրոցում էին», - ասել է Ալֆիանդին:

Չիանջուր է մեկնել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: Նա հրահանգել է առաջնահերթություն տալ փլատակների տակ մնացած մարդկանց տարհանմանը: Վիդոդոն նաև ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և աջակցություն խոստացել:

Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է, հետևաբար, այնտեղ հաճախ են աղետալի երկրաշարժեր լինում: Գործակալությունը հիշեցնում է, որ 2004 թվականին Սումատրա կղզուց ոչ հեռու տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցունամի էր առաջացրել, որը հարվածել էր 14 երկրների՝ 226 հազար մարդու մահվան պատճառ դառնալով:

--00—ԻԴ