ԱԱ-ի 1-ին անակնկալը. Սաուդյան Արաբիան հաղթեց Արգենտինային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

գֆ

Աշխարհի առաջնությունում մինչ այս տեղի ունեցած հանդիպումներից ամենադրամատիկն ու լարվածն Արգենտինայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ էր:Գրում է sport.mediamax.am-ը։

Հանդիպման ակնհայտ ֆավորիտն արգենտինացիներն էին, ովքեր առաջին խաղակեսում ունեին մեծ առավելություն: Առաջին գնդակն 11-մետրանոցից խփեց Լեո Մեսսին՝ ԱԱ-ի եզրափակիչ փուլերում գոլերի թիվը դարձնելով 7: Այս ցուցանիշով նա հավասարվեց Քրիշտիանու Ռոնալդուին: Մեսսին նաեւ առաջին արգենտինացին է, որը գոլի հեղինակ է դարձել չորս տարբեր Աշխարհի առաջնություններում:

Հարավային Ամերիկայի ներկայացուցիչները եւս երեք գոլ հեղինակեցին, սակայն մրցավարները բոլորն էլ չեղարկեցին:

Ամբողջովին այլ պատկեր էր երկրորդ կեսում: Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները դաշտ դուրս մտան կերպարանափոխված ու ցույց տվեցին, որ թիմային խաղի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, եթե նույնիսկ մրցակիցն անհամեմատ ուժեղ է: Նախ աչքի ընկավ Սալեհ Ալշեհրին, իսկ րոպեներ անց Սալեմ Ալդավսարին:
Հանդիպման մյուս հատվածում արգենտինացիներին այդպես էլ չհաջողվեց կոտրել մրցակցի պաշտպանությունը, Սաուդյան Արաբիան հաղթեց 2:1 հաշվով ու գրանցեց առաջնության ամենամեծ անակնկալը: Նշենք, որ վերջին անգամ Արգենտինան պարտվել էր 2019 թվականին՝ զիջելով Բրազիլիային:

Այսօր կայանալու են նաեւ Դանիա-Թունիս (17:00), Մեքսիկա-Լեհաստան (20:00) եւ Ֆրանսիա-Ավստրալիա (23:00) հանդիպումները:

--00—ԻԴ