ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Պաշտպանի միջամտությամբ անձին վճարվել է չվճարված աշխատավարձը Քաղաքացին դիմել է Պաշտպանին` խնդրելով աջակցել ստանալ չվճարված աշխատավարձը: Տեղեկացրել է, որ աշխատում է մասնավոր կազմակերպությունում՝ որպես մաքրուհի և վարձատրություն ստանում է օրական աշխատանքային օրվա ավարտի վերջում։
Գործատուի պահանջով ներկայացել է նաև աշխատանքի մեկ այլ աշխատակցի փոխարինելու համար, սակայն աշխատանքային ժամի ավարտից հետո գործատուն հրաժարվել է վճարել նախատեսված աշխատավարձը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։
Քաղաքացու դիմումից հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել գործատուի հետ պարզաբանում ստանալու նպատակով և տեղեկացել, որ գործատուն հրաժարվել է աշխատավարձ վճարել, քանի որ դեռևս աշխատավարձի վճարման օրը չէ, այնուհետև հավելել, որ աշխատողը թույլ է տվել խախտում, ուստի աշխատավարձից կատարել է պահումներ։
Պաշտպանի աշխատակազմը գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի օրինակի պատճենը և աշխատավարձից պահումներ կատարելու իրավական հիմքերը։ Գործատուն հրաժարվել է ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշխատանքային պայմանագիրը բացակայում է։
Արձանագրվել է գործատուի կողմից ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները, ուստի պահանջվել է խախտումների վերացում։ Բողոք ներկայացրած անձը հետադարձ կապի միջոցով տեղեկացրել է, որ գործատուն իրեն հրավիրել է աշխատավայր այնուհետև վճարել չվճարված աշխատավարձը։
--00—ԱՊ