Իշխան Սաղաթելյանը թող նեղություն չքաշի մանդատը դնի, շուտով բացակայության հիմքով կզրկվի մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀՀ-Ադրբեջան տիրույթում եղող իրողություններին ՀԱՊԿ-ն ադեկվատ կերպով գնահատական չի տվել և մեր սպասելիքները փաստաթղթում ներկայացված չէին, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ փաստաթուղթը չի ստորագրել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի վերաբերյալ ՀԱՊԿ-ի նախատեսած նախագծերից մեկը չստորագրելու հանգամանքին:

«Ալիևն ասել է, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամ ունեն, քան Հայաստանը, որոշ պետություններ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: Ինձ էլ ՀԱՊԿ-ի պասիվ կեցվածքը չի բավարարում, ակնկալվում էր, որ գործիքակազմերը կգործարկվեն, որպեսզի իրավիճակը բերվեր 2021-ի մայիսի 12-ից առաջ սահմանային իրավիճակին:

Եթե ՀԱՊԿ-ը քայլեր չձեռնարկի, ապա թնջուկը պետք է լուծենք ՌԴ-Հայաստան դաշինքի շրջանակում, միայնակ չենք կարող պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»,- նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու որոշմանը և իշխանության այն պնդումներին, թե խմբակցությունը կազմալուծվելու է, Աղազարյանը պատասխանեց, որ «Հայաստան» դաշինքը կլուծարվի, միայն, եթե Ռոբերտ Քոչարյանը դա ցանկանա,ինչքան էլ պատգամավորները մանդատները վայր դնեն, հաջորդ համարները կլրացնեն թափուր տեղերը:

«Իշխան Սաղաթելյանը կարող է նեղություն չքաշի՝ մանդատը վայր դնի, եթե այսպես շարունակվի և ԱԺ նիստերին չմասնակցի, օրենքով սահմանված կարգով մանդատից կզրկվի:

Նա իր ընտրազանգվածի պահանջները չի արդարացրել, պետք է ինքն էլ մանդատը վայր դնի, դա ճիշտ որոշում կլինի»,- ավելացրեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ