Առանց Մակրոնի Փաշինյանը տեղի կտա, Ալիևի համար ցանկալի չէ նրա ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

գգ

Ալիևի համար ցանկալի չէ Մակրոնի հետ անմիջական զրույցը։  Առանց Մակրոնի  ներկայության Ալիևն իր օրակարգը, միգուցե, ավելի հեշտությամբ առաջ կտանի, Փաշինյանն էլ տեղի կտա։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարություններին։

«Փաշինյանը, հնարավոր է` կարծում է, որ Մակրոնն իր երկրի շահերից ելնելով, կշարունակի այն մոտեցումները, որոնք որ մինչ այժմ Ֆրանսիան որդեգրել և իրականացրել է հայ-ադրբեջանական հակամարտության կոնտեքստում։ Հայաստանի և Ֆրանսիայի շահերը որոշ հարցերում համընկնում են։ Ընդունենք նաև այն հանգամանքը, որ Շառլ Միշելը ներկայացնում է ոչ որևէ կոնկրետ երկրի, այլ Եվրոպական միության մոտեցումները, շահերը։ Իսկ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությամբ էներգետիկ ոլորտում, ուստի, չի բացառվում, որ Միշելն Ադրբեջանի հետ որոշ հարցերում ավելի մեղմ կլինի։ Իսկ Ֆրանսիան, լինելով ԵՄ անդամ, այդուհանդերձ էներգետիկ ոլորտում որևէ կախվածություն չունի։ Եվ դա չի կաշկանդում Մակրոնին», - ասաց Գալստյանը։

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ «Երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- այսօր միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել էր Ալիևը։ Նա Փարիզին մեղադրել էր կողմնակալության մեջ՝ նշելով, որ վերջինս այլևս չի կարող մասնակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել էր, որ «նախորդ հանդիպումը Պրահայում, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»։ Գալստյանի խոսքով, իրականում լուրջ տեղաշարժ չկա բանակցություններում, որ հիմա էլ փակուղի մտնելու մասին խոսք լինի. «Կան պայմանավորվածություններ, որոնց մի մասը չի իրականացվել, կան ակնկալիքներ, որոնք առաջիկայում պետք է լինեն կամ չլինեն։ Շփման գծով Եվրոպական քաղաքացիական առաքելությունը միայն Հայաստանի տարածքում է աշխատում, իսկ Ադրբեջանը թույլ չի տվել մտնել իր տարածք։ Կան օրակարգային հարցեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի հաճախ են կազմակերպվում, օր.՝ սահմանագծման, տրանսպորտային ուղիղների ապաշրջափակման հետ կապված»։

Ըստ նրա՝ բացի այդ, ԵՄ-ի և ՌԴ-ի օրակարգերը որոշ հարցերում համընկնում են, բայց հանդես են գալիս որպես մրցակից կողմեր․ «Ամեն մեկը փորձում է իր հովանու ներքո կազմակերպել բանակցությունները։ Ալիևի համար հարմար է որոշ հարցեր քննարկել ՌԴ-ի, որոշ հարցեր ԵՄ-ի հովանու ներքո, նույնը կարելի է ասել Փաշինյանի մասին։ ԵՄ-ն ու Ռուսաստանը կարող են այնպիսի խնդիրներ դնել, որոնք խաթարեն կամ դանդաղեցնեն բանակցային գործընթացը։ Օր.՝ Ռուսաստանը եթե հաջողի իր ներգրավվածությունն էլ ավելի ամրապնդել, բնականաբար, դա կարող է հակասել ԵՄ շահերին»։

«Ադրբեջանն ունի լուրջ առավելություն բանակցային սեղանի շուրջ, ԵՄ-ի և ՌԴ-ի համար շատ ավելի կարևոր գործընկեր է։ Ադրբեջանն ավելի հանգիստ է շփվում ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով, որ վերջինս ունի իրենից էներգետիկ կախվածություն, ՌԴ-ի դեպքում կա ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման խնդիր, Ադրբեջանը երբեմն շանտաժ է անում օգտվելով ՌԴ-ի հարաբերական թուլությունից։ Հայաստանն է, որ պետք է ճկունություն դրսևորի մեկ նրա հետ, մեկ՝ մյուսի։

Ամեն դեպքում, ճիշտ քայլ է Մակրոնին ինքնապահովագրել բանակցային սեղանի շուրջ, թե որքանով կհաջողվի, դժվար է ասել, որովհետեւ հայկական դիվանագիտությունը այդ վիճակում չէ, կա պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Նաև դիվանագիտությունն ամեն հարց լուծող չէ։ Դիվանագիտության հետևում պետք է կանգնած լինի ամուր պետություն՝ բանակով, տնտեսությամբ, իսկ մենք ունենք լուրջ բացեր։ Եվ հույս դնել, որ միայն դիվանագիտական ճանապարհով հարցեր կլուծվեն, լուրջ չէ», - եզրափակեց քաղաքագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԻԴ