Վանաձորի ԲԿ-ՈՒՄ վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող 40-ամյա պացիենտի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ՀԶ

Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից: Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքին օրգանների հայելային դասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ situsinversus):

Տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։ Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով (վիրաբուժական թիմ՝ Հովակիմ Գոգորյան, Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան):

Վիրահատությունն անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ամեն 10 հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն:

 --00—ԱՊ