Նոյեմբերի 21-28-ը սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 73 հաղորդում, որից 52-ը հանցագործության մասին է, դրանցից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Բացահայտվել է վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 7 դեպք, ևս մեկ դեպք՝ Ասկերանի շրջանում բռնաբարության փորձի մասով: Անբացահայտ է մնացել համակարգչային հանցագործություն բնութագրմամբ 1 դեպք:

Շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքում՝ ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է ապօրինի ծառահատման 3 դեպք: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն:

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում սահմանային 3 միջադեպ է գրանցվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, դաշտավայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Կրակոցների պատճառով աշխատանքները դադարեցվել են: Տեղեկությունները տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուներին:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական:

Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 44 դեպք, 21 վարորդ եղել է անսթափ վիճակում, 263-ը գերազանցել են սահմանված արագությունը: 

--00—ԶՀ