Մամուլից եմ տեղեկացել, ինձ համար անակնկալ է. Գեղամ Մանուկյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

գեղամ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ զինյալների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքի մասին նրա արած հայտարարություններն են:

Ըստ տեղեկության՝ ԱԱԾ-ն Գեղամ Մանուկյանին մեղադրանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 329-ի հոդվածի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը կամ քարոզելը…): Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով:

24News-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ մեղադրանք առաջադրելու ցանկության մասին մամուլից է տեղեկացել: 

«Որևէ տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը, ինձ համար էլ է անակնկալ: Այդ հարցով երկու ամիս առաջ վկայի կարգավիճակով հարցաքննության են կանչել, և այդ ժամանակ ես մանրամասն բացատրություն եմ  ներակայցրել: Դրանից հետո որևէ իրավական գործընթաց չի եղել, թե ինչո՞ւ են հիմա հիշել, չեմ կարող ասել»,-պարզաբանեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր Հայաստանում գտնվող երկու քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, պարզելու, թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում: 

Հիշեցնենք նաև, որ երկու քրդերը 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող ՀՀ պահպանվող պետական սահմանը, որի համար  ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Նրանք ազատության մեջ էին 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ