Պետք է չվերադառնայինք ԱԺ ու շարունակեինք բոյկոտը. Վահե Հակոբյանը՝ մանդատներից հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Ազգային ժողովում «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործունեությունը դադարեցնելու որոշումը գաղափարական, սկզբունքային որևէ խնդիր չէ, այն բացառապես մոտեցման խնդիր է՝ Ազգային ժողով վերադառնալու կամ չվերադառնալու հետ կապված: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

«Մեր համոզմամբ՝ մենք պետք է շարունակենք բոյկոտի ուղին, որպեսզի հասնենք մեր գլխավոր նպատակին Ազգային ժողովում ճգնաժամ ձևավորելու համար: Մեր մյուս գործընկերներն այս առումով այլ կարծիք ունեն, մենք հարգում ենք այդ կարծիքը:

Հավելեմ, որ մեր որոշումը բացառիկ ճշմարտություն չէ, ժամանակը ցույց կտա,  թե ով էր իրավացի», - պարզաբանեց Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ պատգամավորական գործունեությունից չի հրաժարվի միայն ասորիների համայնքը ներկայացնող Զեմֆիրա Միրզոևան, որպեսզի այդ ազգային փոքրամասնությունը զրկված չլինի իր ներկայացրած պատգամավորից:

Նշենք, որ քիչ առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ 4 պատգամավորներից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել՝ հրաժարվելով իրենց մանդատներից:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ