ԵԱՀԿ-ն հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին. Լայչակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Լայչակ

«ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին», - այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։

Լայչակը վերահաստատել է ԵԱՀԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում, վստահության ու երկխոսության կայունությունն ամրապնդելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Քայլ առ քայլ և առանց ընդհատումների՝ ավելի ու ավելի ակտիվ երկխոսությամբ կարելի է հասնել այն մարդկանց կյանքի բարելավմանը, որոնք տուժել են հակամարտությունում: Ժողովրդին խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է», - ասել է Լայչակը, ապա պատրաստակամություն հայտնել սատարելու համագործակցության ու երկխոսության զարգացմանն ուղղված քայլերին:

«ԵԱՀԿ-ն ոգևորված է ոչ պաշտոնական երկխոսություններով, որոնց ականատեսն ենք լինում մինչ օրս: Մենք ուշադիր հետևում ենք կառուցողական զարգացումների հնարավորություններին և պատրաստ ենք նպաստելու դրան, երբ անհրաժեշտ լինի»,- նշել է Լայչակը: