ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 1, 24News

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկեց ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ թողնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սերունդներին, սակայն Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայից բերեցին փաստաթուղթ, որով հղում էր արվում 1991 թ-ի Ալմաթիի համաձայնագրին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի կազմում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած երեք գագաթնաժողովների ժամանակ կար փոխըմբռնում, որ կարելի է սկսել քաղաքական գործընթաց և թողնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային։

Ելնելով սրանից՝ ՌԴ-ն ձևակերպել էր խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվել էր երկու կողմերին, այնտեղ այդ մասին կար գրված։ Ադրբեջանական կողմը մեզ ասաց, որ ամեն ինչ պատրաստ են ստորագրել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակել։ Իսկ երբ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը, մենք ուզում էինք վերադառնալ այս հարցին և հասկանալ, թե որքան են մեր գործընկերները պատրաստ իրականացնել ջենթլմենական պայմանավորվածությունները՝ լուծել բոլոր խնդիրներն ու թողել Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագային։

Բայց երբ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք իրենց հետ բերեցին Պրահայից այն փաստաթուղթը, որում ասված է, թե իրենք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ ԱՊՀ ստեղծման մասին Ալմաթիի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր երկրների սահմանները հիմնվում են խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների վրա, որով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ մաս», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է, թե երբ «այսքանից հետո մեր հայ գործընկերներն ասում են, թե Ռուսաստանը թող հաստատի իր առաջարկները Ղարաբաղի մասով, դա բանակցություններ վարելու օպերայից չէ, այլ բոլորովին այլ օպերայից», - ասել է նա։

--00—ԱՊ