Մինչև 44-օրյա պատերազմը որ գնում էիք Արցախ, ո՞ւր էիք գնացել, Արցախի, թե՞ Ադրբեջանի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դս

Սրանք լուրջ դեմքով հայտարարում են, որ օգտագործելով "ինքնորոշման իրավունք" տերմինը՝ անընկալելի են դառնում միջազգային հանրության համար, կամ դուրս են գալիս միջազգային իրավունքի շրջանակներից, այնինչ այդ իրավունքի հիման վրա են ձևավորեվել ժամանակակից պետությունների ճնշող մեծամասնությունը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։

"Արցախի Հանրապետություն" տերմինը համարում են խոցելի միջազգային գործընկերների տեսանկյունից, այն դեպքում, երբ այդ տրամաբանությամբ շատ ավելի խոցելի է "Ադրբեջանի Հանրապետություն" տերմինը։

Ասում են "ինքնորոշման իրավունք" ինչո՞ւ նշենք, երբ նշում ենք իրավունքներ, ինչը ավելի լայն կոնտեքստ ունի և ենթադրում է նաև այդ իրավունքը։ Այդ դեպքում սահմանադրության մեջ ինչո՞ւ ենք գրել "Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է", ուղղակի կգրեինք, որ ՀՀ-ը "պետոթյուն է", հետո կասեինք դե դա չի բացառում մնացածը։

ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում՝ այդ թվում Մադրիդյան փաստաթղթերում ինչո՞ւ էին օգատգործվում "տարածքային ամբողջականություն" և "ազգերի ինքնորոշման իրավունք" տերմինները, կգրեին "տարածքներ" և "իրավունքներ" ու դա ոնց ուզեին կմեկնաբանեին։

Ասում են "ազգերի ինքնորոշման իրավունքը", "Արցախի Հանրապետություն" տերմինը և այլն, միջազգային հանրությունը չի ընդունում, այն միջազգային հանրությունը, որ ճանաչել է "Կոսովոյի Հանրապետությունը"՝ հղում կատարելով ինքնորոշման իրավունքի վրա։

Այդ ինչպե՞ս է Սերբիան, որ շրջափակված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով և փաստացի դիմադրում է աշխարհի ամենաուժեղ ռազմա-քաղաքական դաշինքին, մինչ օրս իրեն համարում Կոսովոյի սերբերի անվտանգության երաշխավորը, իսկ մենք ասում ենք, դե Արցախին շատ փող ենք տալիս, իսկ անվտանգությունը թող ռուսները երաշխավորեն։

Ի վերջո, դուք երբ որ մինչև 44-օրյա պատերազմը գնում էիք Արցախ ու հայտարարում "Աղդամն իմ հայրենիքն է", "Արցախը Հայաստան է, և վերջ", Շուշիում ինագուրացիայի էիք մասնակցում ու պարում, դուք ո՞ւր էիք գնացել, Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Ադրբեջանի Հանրապետություն, կարողա՞ Ալիևից վիզա էիք ստացել։ Իսկ կարողա՞ վերջում ձեզ միջազգային հետախուզում հայտարարի, քանի որ ըստ ձեր իստ գնահատականների, դուք հատել եք մի պետության սահման, որը "գոյություն չունի", ավելին, գտնվում է "Ադրբեջանի կազմում"։

Եվ վերջում, պարզվում է, որ իշխանությունների կողմից "ինքնորոշման իրավունք", "Արցախի Հանրապետություն" տերմինների չօգտագործելը՝ հիմնված է խորը աշխարհաքաղաքական վերլուծության, տարածքշրջանում իրավիճակի գնահատման վրա։ Ընդ որում, աշխարհաքաղաքականության գիտակները այն նույն մարդիկ են, ովքեր պատերազմի նախօրեին պնդում էին, թե Թուրքիան չի մասնակցի Ադրբեջանի ագրեսիային, ովքեր քովիդյան համաշխարհային ճգնաժամի և լարված միջազգային իրադրության պայմաններում հայտարարում էին "Արցախը Հայաստան է և վերջ", հորինում էին "Մյունխենյան սկզբունքներ", ինչ որ "դոսյեի" վրա հղում տալով Երևանում ռուս շպիոնների էին փնտրում և այլն։

--00—ԻԴ