Եթե Թուրքիան S-400 ները տա Ուկրաինային, կարող է վերադառնալ F-35 կործանիչների ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

սա

Ուկրաինայում պատերազմ սկսվելուց ի վեր Վաշինգտոնն արդեն մի քանի անգամ Անկարային տարբեր խողովակներով առաջարկել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը փոխանցել Ուկրաինային: ԱՄՆ-ն այդ առաջարկով պատրաստակամություն է հայտնում նաև S-400-եր տրամադրելու դեպքում քննարկել  5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության վերականգնման հարցը: Ծրագրին Անկարայի մասնակցությունը կասեցվել էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: Հայտնում է Էրմենիհաբերը։

Այս անգամ թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ-ի Եվրոպայի ուժերի նախկին հրամանատար գեներալ Բեն Հոդգեսը: BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում նա ասել է. «Գիտենք, որ S-400-ները պահվում են իրենց տուփերում: (չեն օգտագործվում-խմբ.): Թուրքիան կարող է հետ կանգնել իր քայլից և օրինակ այդ համակարգերը տալ Ուկրաինային ու վերադառնալ F-35-երի ծրագրին»:

Ամերիկացի գեներալն ավելացրել է, որ հասկանում է, որ նախընտրական այս շրջանում Էրդողանի համար դժվար կլինի նման որոշում կայացնելը, սակայն, ըստ Հոդգեսի, Թուրքիայի նախագահը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս իմացել է նման հետևանքների մասին:

Նշենք, որ դեռևս փետրվարին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան կողմը թեման օրակարգ էր բերել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական քննարկման ժամանակ թուրք պաշտոնյաները ամերիկյան կողմին տեղեկացրել էին, որ նման քայլը (S-400-ը Կիևին փոխանցելը) կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հասկացնելով, որ Անկարայի կողմից այդ առաջարկի ընդունումն իրատեսական չէ:

--00—ԻԴ