Ցանկանում եմ՝ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք «Մանկական Եվրատեսիլի» հյուրերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

պ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին, նշել, որ պետությունը նման իրադարձությունների ժամանակ նախաձեռնում է նամականիշի մարում, որով ընդգծում է այդ իրադարձության նշանակությունը: 

«Երկրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալվի «Մանկական Եվրատեսիլը», և ամեն անգամ ցանկանում ենք, որպեսզի հաջորդ միջոցառումն ավելի լավը լինի, ավելի դիտարժան լինի: Այդ համատեքստում նամականիշի մարումը նույնպես ցույց է տալիս, թե որքան կարևոր տեղ ենք հատկացնում այս իրադարձությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հանրային, հասարակական կյանքում: Ցանկանում եմ, որ նամականիշը դառնա մեր հիմնական նվերներից մեկը, որ կտանք մեր հյուրերին:

Դրանով մի քանի հարց կլուծենք՝ կհանրահռչակենք Հայաստանի Հանրապետությունը, ցույց կտանք մեր հյուրերին, թե որքան մեծ կարևորություն ենք տալիս այս իրադարձությանը»,-ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: Նամականիշի վրա պատկերված է նաև «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը և «Մանկական Եվրատեսիլ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը 15 000 տպաքանակով:

--00—ԱՊ