Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ երկրներում ինքնիշխանության օրենսդրության բարելավման նախագծին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo.jpg

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին եւ 15-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում են ԱԺ—ից։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման վերաբերյալ հանձնարարականների նախագծին, որը քննարկման է ներկայացվել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմամբ:

«ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրություններին եւ հանրաքվեներին արտաքին միջամտության աճող սպառնալիքների համատեքստում մեծանում է այս ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման արդիականությունը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանձնարարականների նախագծով լրացվում է ԱՊՀ եւ ՀԱՊԿ մոդելային ակտերի գործող համակարգում առկա բացը: Նախագիծը ձեւակերպում է ընտրություններին եւ հանրաքվեներին օտարերկրյա միջամտության եւ ընտրական ինքնիշխանության հայեցակարգը, պարունակում է ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության միջազգային իրավական դաշտի վերլուծություն, սահմանում նպատակներն ու խնդիրները: Նախագծում ամրագրված են նաեւ ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության հիմնական առաջարկվող միջոցառումները, այդ թվում՝ օրենսդրական գործունեության համատեքստում:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ նախագծի հայեցակարգային դրույթները լիովին համապատասխանում են իրական իրողություններին, համակարգված եւ հիմնավորված են, փաստաթուղթն անցել է վեհաժողովի սահմանած փորձաքննության բոլոր ընթացակարգերը: Նա հավելել է, որ նախագծի  ընդունումը թույլ կտա համախմբված զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների եւ ընտրական ինքնիշխանության պաշտպանության առաջարկվող համապարփակ բաղադրիչը:

Հակոբ Արշակյանն առաջարկել է աջակցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմանը ներկայացված հանձնարարականների նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ այս հարցով լիագումար նիստի որոշման նախագծին:

--00--ԶՀ