Հրկիզել էր զգեստապահարանը, կոտրել ներկով լցված երկու տարա և գողացել էլեկտրական փչովի վառարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել: Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը:

Դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի 32-ամյա մի բնակիչ՝ նախկինում դատապարտված: Պարզվեց, որ նա բացել էր սենյակի պատուհանը, հրկիզել զգեստապահարանը, կոտրել ներկով լցված երկու տարա և գողացել էլեկտրական փչովի վառարան:

Երիտասարդը ներկայացվեց Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ