Արցախում նախատեսվում է զինծառայությունից ազատել նաև 44-օրյա պատերազմում զոհվածների եղբայրներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1098956.jpg

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել  ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին:

Ըստ օրինագծի հիմնավորման՝ գործող օրենքը, բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Սակայն կան 44-օրյա պատերազմում և դրանից հետո Արցախի տարածքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

Օրենքի նախագծում, անդրադարձ կատարելով ընթացիկ իրավիճակին և խնդիրներին, նշվում է, որ   44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության, և այդ հողի վրա 2022 թվականի զորակոչի  ընթացքում հասարակության  շրջանում բարձրացված դժգոհության ալիքն՝ Արցախի Հանրապետությունում և  Հայաստանի  Հանրապետությունում  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքների  21-րդ հոդվածում  պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք  հանդիսացող և իրարից տարբերվող մոտեցումների պատճառով, անհրաժեշտություն է դարձրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև այդ ընտանիքների անդամներին:

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է՝ ընդառաջել հասարակության կողմից բարձրացված պահանջին և Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համահունչ պատշաճ ապահովել զինվորական ծառայության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների իրավական ու սոցիալական երաշխիքների իրացման գործընթացը, ամրապնդել «Ազգ-Բանակ» գաղափարախոսությունը և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը Օրենքի 21-րդ  հոդվածի  5-րդ  մասի  կարգավորիչ  հարաբերության  փոփոխմամբ  և  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքի հետ համապատասխանեցմամբ, ակնկալվում է ապահովվել զորակոչի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, ««Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, Արցախի Պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանի զեկուցմամբ, ընդգրկված է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի  նիստի օրակարգում: Հարակից զեկուցողն է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

--00--ԶՀ