«3+3» ֆորմատն այլևս մեծ վնաս չի կարող տալ ՀՀ-ին․ Թուրքիան իր հարցերն արդեն կարգավորել է․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

3

Հայաստանի պարագայում «3+3» ձևաչափն ինչ-որ հարթակ է, որտեղ կարող է շփում ունենալ տարածաշրջանային հիմնական խաղացողների հետ։ Այս մասին 24News-ին ասաց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ Հարավային Կովկասում «3+3» հարթակի հանդիպում է նախապատրաստվում, ժամկետներն ու օրակարգն են համաձայնեցնում։ «Մենք խոսել ենք նաև «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակի գործունեության մասին՝ նկատի առնելով հարավկովկասյան 3 հանրապետությունները և նրանց 3 հարևանները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Հիմա պատրաստվում ենք հերթական նման հանդիպմանը, համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,- Ադրբեջան ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մասին մամուլի ասուլիսում ասել էր Լավրովը։

Վրաստանն արդեն իսկ բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցի այս հարթակի աշխատանքներին՝ նշելով Ռուսասատանի հետ առկա խնդիրները։ Մյուս բոլոր տարածաշրջանային պետությունները դեմ չեն արտահայտվել այս ֆորմատով հանդիպումներին։

Վերլուծաբան Վիգեն Հակոբյանի խոսքերով, «3+3»-ը կամ Վեցնյակի հարթակն առայժմ որևէ էական նշանակություն չի ունեցել, քանի որ փաստացի կայացած էլ չէ։ «Վրաստանը մինչև այսօր էլ հայտարարում է, որ այդ ֆորմատն իրեն չի հետաքրքրում։ Արցախյան հարցի շուրջ Մինսկի խմբի փաստացի փլուզումից հետո Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ձևավորել այնպիսի ֆորմատներ, որտեղ ներգրավված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները և կբացառվի ոչ տարածաշրջանաին երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, մյուս արևմտյան երկրների ներկայությունը։

Ռուսաստանն առավել քան երբևէ բավականին սերտ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, որը նույնպես փորձում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել՝ մոտեցնելով դոմինանտության։ Ռուսաստանը փորձում է որոշակի գործողություններ իրականացնել նաև իր այսօրվա շատ կարևոր դաշնակից Իրանի համար։ Դրանով է պայմանավորված, որ Իրանը շահագրգիռ է այս ֆորմատի մեջ։ Կարծում եմ՝ այստեղ Իրանը և Ռուսաստանը համահունչ են գործում»,- նշեց նա։

Վիգեն Հակոբյանի կարծիքով, չնայած այս հարթակի հնարավորությանը, այնուամենայնիվ, Հայաստանի համար շատ ավելի կարևոր է տարածաշրջանի երկրների հետ երկկողմանի հարաբերությունների հաստատումը։

«Դա առանձապես մեծ վնաս այլևս չի կարող տալ։ Եթե նախկինում խոսում էինք, որ Թուրքիան ինչ-որ մի ֆորմատ է փորձում գտնել, որով կարող է մխրճվել հայ-ադրբեջանական և Արցախի շուրջ կարգավորման գործընթացներում դերակատարումն ավելացնելու համար, ապա հիմա այլ է իրավիճակը։

Փաստն այն է, որ Ռուսաստանի ազդեցության նվազմանը զուգահեռ Թուրքիայի ազդեցությունը զգալիորեն աճել է։ Եվ ԵԱՀԿ ՄԽ-ի փաստացի չգործելու պարագայում՝ այս ֆորմատը թերևս մի հարթակ է, որտեղ կարող են հանդիպել, խոսել տարածաշրջանային անվտանգության մասին, ինչ-որ խաղի կանոններ փորձել ստեղծել», - եզրափակեց Հակոբյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ