Իշխանությունը ՌԴ-ին ասում է՝ եթե Արցախը քեզ պետք է, ինքդ պահի, մենք չենք կարող պահել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված նոր բան չի ասել, ամիսներ շարունակ փորձագետները ասել են, որ իշխանությունը Արցախից ձեռքերը լվացել է, փաստացի, Ռուսաստանին ասում է՝ եթե Արցախը քեզ անհրաժեշտ է, ինքդ պահիր, մենք չենք ցանկանում կամ չենք կարող պահել այն: Այս մասին 24TV հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Պետք է հասկանալ, թե Ալմա-Աթայի հռչակագիրն ի՞նչ իրավական փաստաթուղթ է, որի տակ ԱՊՀ երկրները ստորագրել են: Գիտենք, որ ԼՂ-ի անկախացման պրոցեսը իրավական բոլոր միջազգային սկզբունքների և Խորհրդային միության օրենսդրությանը համապատասխան է տեղի ունեցել, այսինքն՝ ԼՂ-ն ավելի է շուտ է իր անկախությունը հռչակել և դուրս եկել Ադրբեջանի կազմից, դիմել ՀԽՍՄ-ի կազմ մտնելու համար, ինչը Ադրբեջանը չի ընդունում:

Բայց նաև պարզ է, որ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունելի չլիներ Ադրբեջանի համար, այն հիմնարար փաստաթղթի հիմքում դրված չէր լինի»,-մեկնաբանեց Սարգսյանը:

Նրա համոզմամբ, դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ խնդրահարույց հարցերը, ձևակերպումները լղոզեն, որ յուրաքանչյուր պետության քաղաքական վերնախավ հանրությանը ներկայացնի այնպես, ինչպես ձեռնտու է իրեն:

Ինչպես, օրինակ՝ 2000 թվականի հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ հստակ ձևակերպումներից խուսափել էին, որ խրթին հարցերը շրջանցեն և փաստաթղթում երկիմաստություն, բազմակարծություն լինի:

«Պարզ չէ, ինչո՞ւ է ՀՀ-ն համաձայնվել հենց այս փաստաթուղթը արխիվից բերել և հիմք ընդունել, կա ՄԱԿ-ի կանոնադրություն և Հելսինկյան եզրափակիչ ակտ, որտեղ հստակ գրված է ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին:

Հայաստանի իշխանությունն այլևս չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքից, այսինքն՝ միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքից չի խոսում, որը միշտ գործիք է եղել ԼՂ-ի հարցի կարգավորման համար:

Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունը Արցախի հարցը լուծել է Ադրբեջանի ամբողջականության կոնտեքստում, և հիմա ասում են՝ պետք է խոսել այնտեղի բնակչության ֆիզիկական անվտանգության մասին:

Իշխանությունը չի ուզում ԼՂ բնակչությունը տեղախոխվի Հայաստան, որպեսզի ՌԴ խաղաղապահները ներկա գտնվեն այնտեղ և ռուսներին ցույց տան, որ հակառուսական պրոցես չեն իրականացնում, բացի այդ, 100 հազար քաղաքացիների գալը Հայաստան լուրջ սոցիալական խնդիր է ստեղծելու այստեղ, այն խնդիր է նաև այս իշխանության պահպանման համար, ինչը իրենք լավ հասկանում են և իրենց իշխանությանը սպառնալիք չեն ցանկանում, դրա համար ուզում են, որ Ալիևը բնակչությանը անվտանգության երաշխիքներ տա և հայ բնակչությունը շարունակեն ապրել այնտեղ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ