«Անպատժելիությունը գրգռում է Բաքվի ախորժակը». Մայիլյանը կարևորում է Արցախի նախագահի այցը Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Մասիս Մայիլյան

Բաքվի իշխանությունների նախահարձակ հայտարարություններն ու սադրիչ գործողությունները հիմնված են Արցախի իբր ադրբեջանական պատկանելության կեղծ թեզի վրա։ Այս մասին Ֆեյբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

«Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի ապօրինի բռնազավթման և կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական կողմը դեռևս չի կրել իր պատիժը։ Իսկ անպատժելիությունը գրգռում է պաշտոնական Բաքվի ախորժակը և հանցավոր նոր ծրագրեր ծնում, որոնց թվում է Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը՝ հետագա էթնիկ զտումների և բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության ակնկալիքով։

Բաքվի վարչակարգի զսպման համար հարկ է կոնկրետ որոշումներ ընդունել և գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։

Այս առումով մեծ նշանակություն ունի Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի արած հայտարարությունները։ Մասնավորապես, Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում: Այցի ընթացքում նաև նշվել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ասված է Մասիս Մայիլյանի գրառման մեջ։

--00—ԼՄ