Դեսպանի դիվանագիտական առաքելությունը համընկավ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանի հետ․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

56738_b

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես այն հանգամանքը, որ դեսպանի դիվանագիտական առաքելությունը համընկավ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանի հետ և այդ կապակցությամբ նշել է դեսպան Թրեյսիի կատարած ծավալուն աշխատանքի կարևորությունը թե՛ դիվանագիտական ճակատում, թե հանրային ընկալումների տեսանկյունից:

Դեսպան Թրեյսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ մեծ ջերմությամբ է հիշելու Հայաստանում իր դիվանագիտական ծառայության տարիները և հնարավորինս հետևելու է այս ընթացքում մեկնարկած բարեփոխումների իրականացման ընթացքին՝ մասնավորապես դատական համակարգում:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս պահպանել աշխատանքային շփումները:

Նախագահ Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության մեջ:

--00—ՅՄ