Ոստիկանները խոշտանգել են Ֆրանսիայի քաղաքացուն. նա թմբկաթաղանթի պատռվածք և գլխուղեղի ցնցում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին ոստիկանության աշխատակիցները ծեծել ու խոշտանգել են։ Այս մասին 24News-ին ասաց քանդակագործի փաստաբան Վլադիմիր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նախ ներկայացրեց դեպքի նախապատմությունը։ 

«Իմ պաշտպանյալը մի առիթով մի փոքր ալկոհոլ է օգտագործած լինում, և կինն է նրա հետևից գալիս, որպեսզի մեքենայով տուն բերի ամուսնուն, արդեն տան մոտ բազմություն է հավաքված լինում, այդ թվում՝ պարեկներ, Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցներ։

Երբ հասնում են տան հարակից հատվածում գտնվող իրենց բացօթյա ավտոկայանատեղին, տեսնում են՝ այդ մասում այլ մեքենա է կայանված, ազդանշան են տալիս, որ սեփականատերը տեղափոխի մեքենան։

Մոտակա ակումբից եկող աղմուկի վերաբերյալ էլ արդեն ահազանգ է հնչած լինում։ Մոտենում է մի հարբած մարդ, որից հետո կոնֆլիկտ է հասունանում կանչելու և ձայնային ազդանշան տալու հանգամանքների հետ կապված։

Պարեկները միջամտում են, հարցը կարգավորվում է, որից հետո կրկին բարձրաձայն խոսակցություններ և քաշքշուկ է սկսվում։

Ոստիկանները վերադառնում են պահանջով, որ պետք է բաժին տանեն վիճաբանության կողմերին։

Իմ պաշտպանյալի կինը տեղեկացնում է պարեկներին՝ «մենք մտնում ենք տուն, հիմա մեր տան առջև ենք կանգնած, որևէ խնդիր չկա էստեղ»։ 

Պարեկներից մեկը hրում է կնոջը, թե «ձայնդ կտրի՛»։ Դա տեսնելով՝ իմ պաշտպանյալը վրդովվում է», - ասաց փաստաբանը։

Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ Վանեսքեհյանն այդ պահին սկսում է վիճաբանել պարկների հետ, ինչից հետո պաշտպանյալիս ձեռնաշղթա են հագցնում ու տանում Արաբկիրի բաժին, ծեծում ու խոշտանգում. 
«Մեր տեղեկություններով վիճաբանության մյուս կողմին բաժին են բերել և բաց թողել։ Այնպես են ծեծում, որ զույգ ականջների թաղանթների պատռվածք է առաջանում, աչքի շրջանում վնասվածք, գլխուղեղի լուրջ ցնցում։ Այնպիսի լուրջ վնասվածք է ստացել, որ շուրջ 15 օր բուժօգնություն է ստացել Հանրապետական բժշկական կենտրոնում, Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում։

Ծեծելուց հետո ձերբակալում են, ծեծը ներկայացնում են որպես ոստիկանի աշխատակցի նկատմամբ բռնություն, իբր Արաբկիրի բաժնում հարվածներ է հասցրել ոստիկաններին, մինչդեռ նման բան չի եղել։

Ձերբակալում են, հաջորդ օրը մյուս պաշտպանի միջնորդությամբ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն։ Երբ որ հասկանում են, որ պաշտպանյալս ծանր առողջական վիճակում է, տանում են հիվանդանոց ու պառկացնում։ Սպասում են 15 օր, որի ընթացքում քննչական, դատավարական որևէ գործողություն չեն իրականացնում, նույնիսկ չի հարցաքննվել այդ դեպքով։ 

Դեկտեմբերի 5-ի երեկոյան դուրս է գրվում, սակայն դեռ հետագա բուժման անհրաժեշտություն կար։ Հաջորդ օրը առավոտյան ոստիկանությունից գալիս են, ձերբակալում, տանում դատարան։ Քննչական կոմիտեն էլ դատարան կալանքի միջնորդություն է ներկայացրած լինում, որը բավարարվում է։ Երեկ չէ առաջին օրվանից ծանր առողջական վիճակում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է»։ 

Վանեսքեհյանի պաշտպանն ասաց, որ բողոքարկել է դատարանի՝ կալանավորելու որոշումը․ «Ոչ միայն կալանավորման հիմքեր չկան, այլև հիմնավորված չէ վերագրվող արարքը, որովհետև բացառապես հիմնված է ոստիկանների ցուցմունքների վրա, որն անթույլատրելի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազում նախադեպերով։

Պաշտպանը նշեց, որ Վանեսքեհյանը, 17 օր ազատության մեջ լինելով, հակաիրավական վարք չի ցուցաբերել, չի փորձել դիմել փախուստի. «Ամենաարտառոցն այն է, որ դատարանի որոշման մեջ փախուստի հավանականությունը հիմնավորված է նրա՝ Ֆրանսիայի քաղաքացի լինելու հանգամանքով»։ 

Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ իրենք են տեղեկացրել Ֆրանսիայի դեսպանությանն այս մասին, սակայն քննիչն էր պարտավոր 24 ժամվա ընթացքում տեղեկացնել։ 

«2 անգամ արդեն պաշտոնապես տեղեկացրել ենք դեսպանությանը։ Տեղեկացրել ենք նաև ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք։ Արտառոց իրավիճակ է ստեղծվել. պետությունը խոշտանգման զոհին իր պաշտպանության տակ վերցնելու փոխարեն, կալանավորում է», - եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ