Մի քանի տասնյակ ուղղագրական և կետադրական սխալներ՝ ԵՊՀ ռեկտորի ներկայացուցչի գրությունում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

nka8
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել և կից գրառմամբ նշել, որ իր ձեռքի տակ է հայտնվել ԵՊՀ ռեկտորի ներկայացուցչի մի գրություն, որում բազմաթիվ ուղղագրական և կետադրական սխալներ կան:

«44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի սխալ: Ընդհանուր՝ 117 սխալ համարակալած 7 էջում: Ընդ որում, 1-ին և 7-րդ էջերը կիսով չափ են լրացված, իսկ մնացած էջերում առկա են օրենքներից մեջբերումներ, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են շուրջ 1 էջ: Ստացվում է, որ 5 էջում առկա է 117 սխալ:

Երբ ստացա ԵՊՀ ներկայացուցիչ, փաստաբան, միաժամանակ՝ ԵՊՀ իրավաբանական ծառայության ավագ իրավախորհրդատու Բադեմյան Էդգարի «Դիրքորոշում» անվանմամբ գրությունը, որոշեցի ընթերցել այն: Կարողացա ընդամենը 2 էջ ընթերցել:

Հայոց լեզվի համալսարանական մասնագետներին խնդրեցի շարունակել «ընթերցանությունը»: Արդյունքում հայտնաբերվեց 117 սխալ:

Համալսարանական մասնագետներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ գրությունը հեղինակել է Մոլդովայի կամ Ռումինիայի գնչուական համայնքի անդամներից մեկը, օրինակ՝ բարոնը: Հերքեցի, քանզի ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ. Հ.-ն գոնե վերջերս աշխարհասփյուռ գնչուական համայնքից որևէ մեկի հետ չի հանդիպել: Պարզաբանեցի նաև, որ աշխարհի որևէ անկյունում նման «Դիրքորոշում» որևէ մեկը գրել չէր կարող:

Եվ, ուրեմն, «Դիրքորոշում»-ը գրվել է ԵՊՀ-ում՝ ՀՀ հարկատուների և ուսանողների վճարներից աշխատավարձ ստացող հզոր «մասնագետների» կողմից: Ավելին՝ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Դիրքորոշում»-ը այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի գործուն մասնակցությամբ գրել է անձամբ Բադեմյան Էդգարը: ՀՀ փաստաբանների պալատ, Լեզվի կոմիտե / Language Committee, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ձեզ հետաքրքրո՞ւմ է 117 սխալներով ԵՊՀ «Դիրքորոշում»-ը: Ամեն ինչ կանեմ, որ հետաքրքրի:

ՀԳ1. Բնականաբար, այս կարգի անարգանք հայոց լեզվի և բարձրագույն կրթության հանդեպ չեմ հանդուրժի: Ամեն ջանք կգործադրեմ օր առաջ Բադեմյան Էդգարի և ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի միջև առկա պայծառ գործարքները ջրի երես հանելու համար:

ՀԳ2. Հաջորդ անգամ կգրեմ «Բադեմյան Էդգար-այսրոպեական Հ.Հ.» տանդեմի պարզագույն մաթեմատիկայի բնագավառում հզորագույն գիտելիքների մասին:

ՀԳ3. Հետևեք իրադարձությունների զարգացմանը»:

Գրությունն ամբողջությամբ՝ այստեղ:

նկար
նկար
նկար
նկար

--00—ԼՄ