Հայաստանում ավելի քիչ մարդիկ են կարծում, որ վարչապետն ու իր թիմը կոռումպացված չեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Հայտարարություն կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ․

«2018թ․ թավշյա հեղափոխության մեջ ներգրավված բազմահազար քաղաքացիների նպատակը կոռումպացված համակարգից ձերբազատումն ու արդարության հաստատումն էր, ինչը նոր իշխանությունների առջև դնում էր մեծ պահանջներ։ Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքար տանելու մասին, նախաձեռնեց և սկսեց կյանքի կոչել հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ծրագիր, սկսեց նոր հակակոռուպցիոն ինստիտուտների ձևավորման գործընթացը։

Թեև շատ տեղացի և արտասահմանցի փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ քննադատում էին իրականացվող բարեփոխումների որակը և արագությունը, հանրության շրջանում կար ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը զարգանում է ճիշտ ճանապարհով և այդ առումով կան ակնկալիքներ և հանրային աջակցություն։ Նման վերաբերմունքը փաստվել է հանրային կարծիքի ուսումնասիրություններում, օրինակ, 2019 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամի Հայաստանի  համատեղ իրականացված ուսումնասիրությունում։

2018-2019 թվականներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումներն արտացոլվել են միջազգային հետազոտություններում և համաթվերում։ Այսպես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) Հայաստանի մեծությունը հեղափոխությունից հետո 35-ից աճեց մինչև 49, այսինքն՝ 14 միավորով, որը աշխարհի մասշտաբով լավագույն արդյունքն էր։ Զգալի դրական աճ գրանցեցին նաև Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցանիշները (World Governance Indicators), ներառյալ՝ դրա Կոռուպցիայի վերահսկում ցուցանիշը և Ֆրիդոմ Հաուս միջազգային կազմակերպության Անցումային փուլում գտնվող երկրների (Nations in Transit) Ժողովրդավարության համաթիվը (Democracy score)։ 
2020թ․-ից Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային սպառնալիքները, կորոնավիրուսի համավարակը, ներքաղաքական լարումները դանդաղեցրեցին բարեփոխումները։ Հանրային կարծիքի ուսումնասիրությունները սկսեցին արձանագրել բացասական միտումներ, իսկ միջազգային համաթվերում դադարեց աճը։ 

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից 2022թ․ հունվարին հրապարակված հեռախոսային հարցման տվյալներով քաղաքացիների 46%-ը գտնում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ և միայն 34%-ի կարծիքով է, որ այն գնում է ճիշտ ուղղությամբ։ Մյուս կողմից հարցվածների 61%-ի կարծիքով երկիրը կառավարվում է՝ ելնելով որոշ խմբերի շահերից և միայն 31%-ն  է կարծում, որ այն կառավարվում է՝ ելնելով մեծամասնության շահերից։ Հետաքրքիր է նշել, որ ՄՀԻ-ի կողմից 2021թ․ ապրիլ/մայիսին անցկացված հարցման տվյալներով քաղաքացիների միայն 20%-ն էր կարծում, որ երկիրը գնում էր սխալ ուղղությամբ, իսկ 43%-ի կարծիքով այն գնում էր այն գնում էր ճիշտ ուղղությամբ։

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի 2022թ․ նոյեմբերին հրապարակած հանրային կարծիքի ուսումնասիրությունը ևս արձանագրեց զգալի հետընթաց։ Մասնավորապես, 2019 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և ՀՌԿԿ-Հայաստանի  վերը նշված համատեղ իրականացված հետազոտության արդյունքների համեմատությամբ պարզվեց, որ՝ 

 • «դատարանները և դատախազությունը մեծապես կոռումպացված են» պատասխանների քանակը 12%-ից աճել է 32.5%,
 • «վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն» կարծողների թիվը 75%-ից իջել է 34%-ի,
 • «կաշառքի դեպքերի հաճախականությունը նվազել է» պատասխանողների թիվը 91%-ից իջել է 66.5%-ի,
 • «կաշառքի չափերը նվազել են» կարծողների թիվը 82.4%-ից իջել է մինչև 42%
2022 թվականի ընթացքում կոռուպցիայի և հակառուպցիոն քաղաքականության գծով տեղացի և միջազգային փորձագետների, այդ թեմաները լուսաբանող լրագրողների նյութերը, հասարակական մասնագիտացած կազմակերպությունների և անկախ փորձագետների ուսումնասիրությունները և վերլուծությունները ևս փաստում են, որ առկա են ակնհայտ բացասական միտումներ և խնդրահարույց դրսևորումներ, որոնք կասկածի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, իսկ երբեմն նույնիսկ քաղաքական կամքը։

2022 թվականի ապրիլին Հայաստանում կոռուպցիայի իրավիճակին և հակակոռուպցիոն քաղաքականությանն անդրադարձել են Թրանսփարենսի Ինթերնեշնլի քարտուղարությունը և Նորվեգիայում գործող U4 միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը իրենց համատեղ «Ակնարկ Հայաստանում կոռուպցիայի և հակակոռուպցիայի մասին» հրապարակմամբ։ Ակնարկի հեղինակները նշում են, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կյանքի կոչեցին մի շարք իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք հասարակության մեջ առաջ բերեցին դրական սպասելիքներ և ընկալումներ կոռուպցիայի նվազման տեսանկյունից։

Սակայն, միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնում, որ իրականացվող բարեփոխումները կարող է չհանգեցնեն կոռուպցիայի մակարդակի կայուն և շարունակական նվազման, և որ դեռևս առկա են թերություններ կոռուպցիայի կանխարգելման և հակազդման համակարգերում, ինչն, առաջին հերթին, վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերմանն ու բռնագանձմանը և դատական համակարգի բարեվարքությանը։ Որպես կոռուպցիայի առումով առավել խոցելի ոլորտներ՝ ակնարկի հեղինակները նշել են դատական համակարգը, անվտանգության համակարգը, հանրային գնումները և հանքարդյունաբերությունը։

2022-ի ընթացքում ԹԻՀԿ-ն իր (այդ թվում՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ) հրապարակային հայտարարություններում և դիրքորոշումներում բազմիցս անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի իրավիճակին և դրա հաղթահարման խնդիրներին։ Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ կոռուպցիային առնչվող ներկայիս մարտահրավերներն են իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման մեխանիզմների թերացումը, իրավապահ և դատական մարմինների ձևավորման ու բարեվարքության խնդիրները, կասկածելի կենսագրությամբ անձանց բարձր պաշտոնների նշանակումները և հովանավորչության դրսևորումները, խնդրահարույց պետական գնումները և բարձրաստիճան պաշտոնյաների փոխկապակցված անձանց կասկածելի հաջողությունները մրցույթներում, խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճման միտումները, քաղաքացիական տարածքի նեղացման սպառնալիքները՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, ընդհանուր՝ ոչ թափանցիկ, ոչ մասնակցային և ոչ հաշվետու կառավարումը և կոռուպցիոն նոր սխեմաների ձևավորումը։ Այս խնդիրները ներկայումս դրվագային են, սակայն դրանք արագորեն կարող են ամրապնդվել և ձևավորել պետության զավթման մի նոր համակարգ, ինչն անթույլատրելի է։

Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում և շուտափույթ ձեռնարկի գործուն ու արդյունավետ քայլեր, որոնք կօգնեն վերականգնելու հանրային վստահությունը»։

--00--ԱՀ