ՀԱՊԿ-ից պետք է պահանջել և՛ քաղաքական, և՛ ռազմական աջակցություն․ հակառակն աբսուրդ է․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մ

Անկասկած է, որ ՀԱՊԿ քաղաքական գնահատականը միջազգային ռեալ արձագանք է և ադրբեջանական կողմի ագրեսիայի ֆիքսումն է։ Այս մասին 24News-ին ասաց ռազմական փորձագետ, փաստաբան Մհեր Հակոբյանը։

Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից անկնալում են արձանագրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը և այլն։

Նույն առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ հայտարարության մեջ պարզ չէ, թե Հայաստանին ինչ օգնություն ցուցաբերելու մասին է խոսքը։ «Բացի այդ, առանց հստակ քաղաքական գնահատականի, ընդունել մոնիթորինգի առաքելություն Սոթք-Խոզնավարում, կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս-քվոյի հետ»։

Փաշինյանը նաև ասել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանը 2 բան է ակնկալել` ֆիքսել, թե ՀՀ–ում որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին և տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալ։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ասաց, որ քաղաքական գնահատականը քիչ է պակաս կարևոր ռազմական ուղղակի աջակցությունից։ «Այսինքն՝ միջազգային հեղինակավոր կառույցների մեկը և խոշոր խաղացողներից մեկը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, պատկերացնո՞ւմ եք, ֆիքսում է, որ ՀՀ-ի հանդեպ եղել է ագրեսիա։

Այս առումով ճիշտ է ՀԱՊԿ-ից և՛ քաղաքական, և՛ ռազմական աջակցություն պահանջելը։ Եվ նաև հակառակ կողմն է աբսուրդ դառնում։ Ենթադրենք՝ ռազմական աջակցություն եղավ, բայց քաղաքական գնահատական չեղավ։ Այսինքն՝ ինչ-որ պետությունների խումբ օգնություն է ցույց տալիս ՀՀ-ին իր սահմանները վերականգնել, բայց այդ ընթացքում չի՞ ընդունում, որ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա է եղել։

Իսկ եթե Ադրբեջանը շուռ գա, ասի՝ «ՀՀ-ն ու պետությունների մի խումբ ագրեսիա են իրականացնում», ի՞նչ ենք անելու։ Էլ չասած, որ Հայաստանին ՀԱՊԿ-ի աջակցությունը մշուշոտ հեռանկար ունի», - նշեց Հակոբյանը։

«Ենթադրաբար, պաշտոնական Երևանը, ընկալելով, որ մոտակա հեռանկարում ռազմական աջակցություն չի լինի, ուզում է գոնե քաղաքական աջակցությամբ փոխարինել», - հավելեց փորձագետը։

Հակոբյանը նաև ընդգծեց, որ կողմերը բոլոր խաղաքարտերը չեն բացում․ «Ինձ թվում է, որ սա փոխպայմանավորված հայտարարություն է։ Երևի թե պաշտոնական Երևանին խնդրել են այսպես անի։ Օր․՝ Մոսկվան խնդրել է իրեն ժամանակ տալ, Երևանն էլ ընդառաջել է։ Ես էլ, որ լսեցի հայտարարությունը, շատ վիճահարույց է, դժվար է հստակ հասկանալ, պետք է ներքին ինֆորմացիա ունենալ»։

Այսօր Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովին։ Բիշքեկում նախատեսվում է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ըստ Հակոբյանի՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից որևէ առանցքային ակնկալիք չկա։

«Ստանդարտ հայտարարություններ են լինելու, որովհետև այս պահին Ուկրաինայում Ռուսաստանը շատ մեծ դժվարությամբ է հավասարակշռություն պահպանում։ Եվ ՌԴ-ին միանշանակ պետք չէ սրացում այլ ճակատներում, իսկ Հայաստանին աջակցող ցանկացած հայտարարություն կբերի սրացման։

Վերջերս ռուսական խաղաղապահ զորախմբի հետ կապված խնդիրներ եղան՝ ադրբեջանցի լրագրողների, կեղծ էկոլոգիստներ մասնակցությամբ։ Ռուսաստանը սրման չի գնա, խուլ, պասիվ պաշտպանության մեջ կփորձի ժամանակ շահել, մինչև իրավիճակն ուղղի։ Լավատես չեմ, ստանդարտ հայտարարություններ են լինելու Բիշքեկում, ուրիշ ոչ մի բան», - եզրափակեց փորձագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ