Շերը ներկա է գտնվել ՀՀ-ի կողմից Օսկարին ներկայացված «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Օսկարի, Գրեմմիի, Ոսկե գլոբուսի մրցանակակիր, ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսի IPic Westwood թատրոնում ներկա է գտնվել անիմացիոն-վավերագրական՝ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած հաղորդագրությունից, համաշխարհային աստղը հաջողություն է մաղթել ֆիլմի ընթացքին:

Ցուցադրությանը ներկա են եղել նաև ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանն ու ամեիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Այն աջակցություն է ստացել նաև եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից (Հայաստանը՝ որպես մեծամասնական համարտադրող):

Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ  մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմն ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց եղեռնի մասին:

--00--ԱՀ