Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ․ նախագահը ներկա է եղել գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի կազմակերպած «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին:

Գիտաժողովը նվիրված էր Տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար և ընդգծել նմանօրինակ գիտաժողովների և կոնֆերանսների անցկացման կարևորությունը:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Վլադիմիր Հարությունյանի գիտական գործունեությանը, շեշտել նրա նախաձեռնողականությունն ու գիտելիքներն ու փորձը հնարավորինս պետության զարգացմանը ծառայեցնելու մեծ ցանկությունը:

«Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, հաստատ մեզ լավ խորհուրդներ կտար և օգտակար կլիներ, բայց իհարկե, միաժամանակ, համոզված եմ նաև, որ այն, ինչ նա թողել է ինստիտուտում, այն ավանդույթները, որ կարողացել է ստեղծել, դրանք շարունակություն կունենան»,-շեշտել է նախագահը:

--00—ՅՄ