Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 6, 24News

Մայքլ Բլումբերգ

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Երբ մտածում էի հնարավոր նախագահական քարոզարշավի մասին, ընտրությունն ինձ համար պարզ դարձավ։ Արդյոք պե՞տք է, որ հաջորդ երկու տարիները նվիրեմ իմ գաղափարները ներկայացնելուն՝ իմանալով, որ հնարավոր է երբեք չհաղթեմ։ Թե՞ ավելի լավ է գալիք երկու տարում կրկնապատկեմ այն աշխատանքը, որն արդեն հիմնել ու ղեկավարում եմ, և որն իրական ու օգտակար արդյունք կբերի երկրին։ Ես եկել եմ այն մտքին, որ ինձ խոսելն ավելի քիչ է հետաքրքրում, քան գործելը»,- նշել է Բլումբերգը։

Ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո Բլումբերգը նշել է, որ դրա փոխարեն մտադիր է  Beyond Carbon կոչվող նոր արշավ նախաձեռնել, որն ուղղված կլինի Ամերիկան նավթից և գազից հնարավորինս հեռու պահելուն և երկիրը մաքուր էներգետիկ տնտեսության ճանապարհով տանելուն։

Մի քանի ամիս է, ինչ 2020 թվականին առաջադրվելու նպատակով Բլումբերգը հանդիպում էր իր ընտրողներին։ Այնուամենայնիվ, նախորդ շաբաթ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ հաղթանակի հավանականությունը քիչ է, հատկապես երբ ընտրարշավին միացել է նաև Ջո Բայդենը։