Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

sdfd(9)

Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն՝ անդրադառնալով երեկվանից ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու գործողություններին։

Փոխնախարարն ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև՝ շեշտելով՝ Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են խնդրի կարգավորման գործում։

Գևորգյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արատաքին գործերի նախարարությունների միջև բանակցություններ այս հարցով չկան։

«Ազատություն»․ - Լարված իրավիճակ է ստեղծվել Լաչինի միջանցքում, հարյուրավոր ընտանիքներ մնացել են ճանապարհին, Արցախը հայտնվել է փակուղում, ինչպե՞ս է Հայաստանի արտգործնախարարությունը գնահատում այս իրավիճակը։

Վահե Գևորգյան․ - Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, շատ լուրջ խախտում, որովհետև եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լաչինի միջանցքի գործունեությունը: Փաստորեն, ադրբեջանական կողմից տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լրջագույն խախտում, որը պետք է հասցեագրվի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին: Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, փաստորեն, տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքի լայնածավալ խախտում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կոլեկտիվ պատժի փորձ, ինչը միանշանակ դատապարտվում է միջազգային բոլոր հումանիտար օրենքներով։ Զրկել մարդկանց ազատ տեղաշարժից, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ամենօրյա մատակարարումից և զրկել ոչ թե 1-2 մարդու, այլ զրկել հավաքական իրավունքներից, դա, իրավական տեսակետից, նույնպես լրջագույն խախտում է, որը կարող է ծառայել որպես էթնիկ զտումների և ցեղասպանության վաղ ահազանգ:

«Ազատություն»․ - Ի՞նչ է անում այս պահին Հայաստանի արտգործնախարարությունը, կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ այս վիճակին արձագանքելու համար։

Վահե Գևորգյան․ - Կոնկրետ քայլեր ձեռնարկվում են ոչ միայն արտգործնախարարության, այլև բոլոր մակարդակներով. երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև՝ թեման ստեղծված իրավիճակի հաղթահարումն էր։ Մենք արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով տեղեկացնում ենք մեր միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ավելին՝ շուտով ականատես կլինեք, որ ամենաբարձր ատյաններից Հայաստանը կանդրադառնա այս իրավիճակին։

«Ազատություն»․ - Ռուս խաղաղապահների մանդատը թույլ չի՞ տալիս բացել միջանցքը, ի վերջո, նրանց վերահսկողության տակ է այդ ճանապարհի անխոչընդոտ երթևեկության ապահովումը։ Ինչո՞ւ չի գործում այստեղ ռուս խաղաղապահների մանդատը, թե՞ պարզապես որևէ մանդատ չունի։

Վահե Գևորգյան․ - Իրավիճակը զարգացման մեջ է, այսինքն՝ միանշանակ ասել, որ ռուս խաղաղապահները չեն օգտագործում իրենց մանդատը, այս պահին ժամանակավրեպ է։ Կարծում եմ՝ փորձեր են կատարում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ես համաձայն եմ Ձեր բնորոշման հետ, որ այս քայլերը՝ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը, կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը։

«Ազատություն»․ - Այս պահին բանակցություններ ընթանո՞ւմ են ադրբեջանական կողմի հետ՝ ճանապարհը բացելու ուղղությամբ։

Վահե Գևորգյան․ - Նախևառաջ բանակացություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև։ Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են ռուս խաղաղապահների հետ այս խնդրի կարգավորման գործում։

«Ազատություն»․ - Հայաստանի կողմից առայժմ չկա՞ն բանակցություններ՝ որևէ մակարդակում։

Վահե Գևորգյան․ - Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև այս պահին բանակցություններ այս հարցով չկան։

«Ազատություն»․ - Կա՞ հույս, որ այսօր ճանապարահը կապաշրջափակվի։

Վահե Գևորգյան․ - Իրավիճակը անընդհատ զարգանում է, աներկբա է մի բան՝ ճանապարհը պետք է բացվի, որովհետև դա թե՛ քաղաքական հանձնառությունների, թե՛ իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում է և այն չի կարող շարունակվել։

«Ազատություն»․ - Դուք տեսնո՞ւմ եք, որ բնապահպանական պատրվակի ներքո Ադրբեջանը փորձում է Արացախը շրջափակման մեջ պահել և ճնշումներ գործադրելով՝ որոշ նպատակների հասնել։

Վահե Գևորգյան․ - Ակնհայտ է, որ Ադրբեջանում ցույցեր, առավելապես բնապահպանների գործողություններ, մենք տեսնում ենք միայն այն հատվածներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո չեն։ Մենք առաջին անգամ իմացանք, որ Ադրբեջանում կան բնապահպաններ, որոնք ունակ են ցույցեր կատարելու։ Հավանաբար, ընտրվել է այնպիսի տակտիկա, որպեսզի իրենց կողմից ձևակերպված խնդիրներն առաջ մղվեն ոչ պետական շրջանակների կողմից։ Ակնհայտ է, որ այդ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական շրջանակների կողմից։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

--00—ՅՄ