Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

enlarge.jpg

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են առաջ քաշել։

Նշվում է, որ եթե մինչ այժմ ադրբեջանական կողմը պահանջում էր հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, հիմա նրանք պահանջում են Լաչինի միջանքցքում նաև ադրբեջանական կողմի վերահսկողություն։

Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Լաչինի ուղղությամբ սահմանային և մաքսային հսկողության առանձին կետեր ստեղծել, այդ թվում՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, պետական սահմանապահ ծառայության և պետական մաքսային կոմիտեի կողմից։ 

Ադրբեջանական կողմը իր այս պահանջները հիմնավորում է նրանով, թե իբր հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո «Լաչինի միջանցքը օգտագործել է Ադրբեջանի տարածքը ականապատելու համար»։ 

«Ադրբեջանի տարածք զենք տեղափոխելն արգելվելու է»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել են ցուցարարները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցուցարարները պահանջում են, որ Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, վերահսկվեն համատեղ ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից։   

Նշվում է, թե «ցուցարարները պատրաստ են պայմաններ ստեղծել խաղաղ բնակչության անցման համար, և որ Ղարաբաղում բնակվող քաղաքացիական անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը պատրաստ է ապահովել նրանց բժշկական և սոցիալական այլ կարիքները»։

--00—ԶՀ