ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է «Արմենպրեսը»:

«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։

Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն ասացի, էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։

Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- հայտարարել է Պատելը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատո՞ւմ է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ Պետդեպի փոխխոսնակը խուսափել է խոսել ժամկետներից։

«Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում, պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ևս: Այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»,- ասել է Վեդանտ Պատելը։

--00—ԼՄ