Բրիտանիայի հետախուզության ղեկավարի այցից պարզ է, որ վիճակը լուրջ է, մեծ շահեր ներառող ճգնաժամ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրը շատ պարզ է․ կամ գնում ենք զիջման, այսինքն՝ բավարարում ենք Ադրբեջանի պահանջը, կամ աշխատում ենք դիվանագիտական դաշտում, կամ ուժային տարբերակով պետք է խնդիրը լուծենք, ինչն այսօր իրատեսական չէ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Քաղաքագետի համոզմամբ, Լաչինի միջանցքի փակումն իր բնույթով պատերազմական քայլ է, նման քայլի ուղղակի հանքարդյունաբերական պահանջներով չեն գնում, պարզ է, որ սա միայն Ադրբեջանի նախաձեռնությունը չէ, նա չէր գնա ծանրակշիռ քայլի, եթե համոզված չլիներ, որ իր նկատմամբ ճնշումը սկզբնական փուլում լինելու է կառավարելի:

«Պետք է արձանագրենք, որ մեզ սպասվում է մարաթոնյան տրամաբանության դիմակայություն, այս խնդիրը կարող է հանգուցալուծվել, բայց ռեգիոնում մենք պարբերաբար ունենալու ենք խնդիրներ, որովհետև բախվում են խոշոր ուժային կենտրոնների աշխարհակարգային պայքարի շահերը: Եթե խնդրի լուծման համար դիտարկվի ուժային տարբերակը, այն կարող է չափազանց ծանր գին ունենալ՝ Ադրբեջանն Հայաստանից հենց այդ կայծին է սպասում:

Չափազանց լուրջ իրավիճակի հետ գործ ունենք, եթե Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարը այցելում է տարածաշրջան, պարզ է, որ մեծ շահեր ներառող ճգնաժամ է»,-ընդգծեց Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ