Մի ամուսինը՝ 50 տարեկան, մյուսը՝ 20․ բնակարանի գնման գործընթացում 35 տարեկանի շեմը հանվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Կառավարությունը հաստատեց 2010 թվականի հունվարի 29-ի՝ ««Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի Գաբրիել Ղազարյանը  փոփոխությունները ներկայացնելիս նշել է, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

Նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա․  երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով ձեռք բերել բնակարան, նախկինում 9,5 տոկոս է եղել:

«Բնարականի արժեքն է բարձրացել և, ապահովագրական գործիքի համադրմամբ, առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) երիտասարդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել 30 մլն դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն», - ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով բարելավվում է երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները:

«Ամուսններին յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայասանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը քսան և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը կարծում եմ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշոնապես արձանագրել, որ, նախնական հաշվարկներով, հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ», - կատակել է վարչապետը: