Շիրակի մարզպետը կարևորել է սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

321506816_3335103553371182_2694833733150484915_n

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Անիի համայնքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզային իշխանության ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարիբեկյանի և աշխատակիցների մասնակցությամբ։ 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի անխափան կենսագործունեությունն ապահովելուն, համայնքապետարանի նորմալ աշխատանքին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել աշխատակազմի համալրմանն ու անհրաժեշտ կադրերով համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումները լրացնելուն առնչվող հարցերի։

Նազելի Բաղդասարյանը հատկապես կարևորել է սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը՝ ընդգծելով այն փաստը, որ ցուցանիշներով Անին այսօրվա տվյալներով ամենավերջին հորիզոնականում է․

«Սեփական եկամուտների հավաքումը կարևոր աշխատանք է, այստեղ պետք է լինել առավել հետևողական։ Անիի ցուցանիշները ամենացածրն են, սակայն բոլորիս համար էլ պարզ է, որ եկամուտների հավաքագրում ամենաշատը համայնքին է պետք և այդ գումարները համայնքային կարիքների լուծմանն են ուղղվելու»։

Անի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարիբեկյանը մարզպետին զեկուցել է, որ համայնքի ծրագրային փաստաթղթերում խախտումներ ու բացթողումներ են արձանագրվել, որոնց ուսումնասիրություններն ամբողջացնելուց հետո կուղարկվեն իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական ստանալու նպատակով։

Քննարկվել են համայնքի զարգացմանը միտված սոցիալական ու տնտեսական մի շարք նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։

--00—ՅՄ