Տեղեկանքի արտահոսք է եղել մշակույթի նախարարությունում․ Նազենի Ղարիբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Որքան էլ այս պահին համարվում եմ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող, այնուամենայնիվ, ես այդ որոշումները ինքնակամ, միայնակ չեմ կայացնում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, ասել է Նազենի Ղարիբյանը:

«Դուք կրկին գնում եք որոշումների դաշտ, բայց նորից կկրկնեմ՝ ՊՈԱԿ-ների հետ կապվածը որոշում չէ, այլ՝ կԿառավարության հանձնարարական, որը բխում է աշխատանքների արդյունավետությանն ուղղված պահանջից: Այդպիսի հանձնարարական ստացել ենք ոչ միայն մենք, այլև՝ բոլոր մյուս նախարարությունները, ու բոլորն էլ տեղեկանք են ներկայացրել: Բայց քանի որ մեզ մոտ արտահոսք է եղել, ինչ-որ մեկն այդ տեղեկանքը դուրս է հանել, արհեստական մեծ աղմուկ է առաջացել», - ասել է նա:

Կառավարությունը նախարարություններին հրահանգել է ՊՈԱԿ-ների շուրջ վերլուծություն կատարելիս առաջնորդվել ոչ թե գումար տնտեսելու կամ կրճատումներ անելու սկզբունքով, այլ՝ պատասխանատվությունների համախմբմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ:

«Այս ընթացքում ես հասկացել եմ, որ տնօրենների կարծիքը չի արտացոլում ՊՈԱԿ-ների բոլոր աշխատակիցների կարծիքը: Երկու-երեք դեպք պարզեցի, որտեղ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, այնինչ՝ կոլեկտիվներն ասում էին՝ շատ ուրախ ենք, որ նման փոփոխություն է լինելու», - տեղեկացրել է Ղարիբյանը:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը մինչ այսօր չի հասկանում՝ ինչի՞ց են տնօրենները վիրավորված: Ասում է՝ ինքն իր գործն է անում ու պարտավոր չէ որևէ մեկին տեղյակ պահել ներքին աշխատանքների մասին: Նկատառմանը, որ այս կերպ փաստի առաջ են կանգնեցնում ՊՈԱԿ-ներին, պատասխանել է.

«Որևէ մեկին փաստի առաջ չենք կանգնեցնում: ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպում կազմակերպեցինք միայն այս խոսակցություններին վերջ տալու նպատակով, որպեսզի անձամբ իրենց ամեն ինչ հաղորդեմ, ասեմ, ոչ թե լրատվամիջոցներից կցկտուր ինֆորմացիա իմանան, խոսքից-խոսք տարածվող բամբասանքներից լսեն: Հանդիպման ժամանակ յուրաքանչյուրը բարձրաձայնել է իր մտահոգությունը, նույնիսկ առաջարկների փաթեթ էին բերել: Բուռն քննարկում էր, բոլորին լսել ենք, ու կարծում եմ՝ հիմնականում բավարարված գնացին»: