ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը չի «ճզմի» Հայաստանին ու Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 7, 24News

սյունակագիր

Թուրքական «ՀաբերԹյուրք» կայքի սյունակագիրներից Գյունթայ Շիմշեքն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանն ու դրա հետ կապված ԱՄՆ-ի բացասական արձագանքին:

Ըստ թուրք սյունակագրի՝ Թուրքիայի վրա գործադրվող ճնշումների հիմքում ընկածը միայն C-400 համակարգերը չեն:  

«Վերջերս թոշակի անցած մեր գեներալներից մեկի հետ զրուցելիս վերջինս այսպես նկարագրեց այն կարգավիճակը, որում ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել մեր երկիրը. Թուրքիա, որը չի «ճզմի» Հայաստանն ու Հունաստանը և չի տխրեցնի Իսրայելին», - նշում է Շիմշեքը:

Ազգայնական լրատվամիջոցի սյունակագիրը կարծում է, որ C-400-ի գնման դեպքում Թուրքիան կբախվի հանրապետության պատմության մեջ մինչ օրս եղած ամերիկյան ամենահզոր ճնշմանն ու պատժամիջոցներին, սակայն այն փաստը, որ ԱՄՆ-ն երկար տարիներ այդպես էլ համաձայնության չի գալիս C-400-ի համար այլընտրանք հանդիսացող Patriot ամերիկյան համակարգերը Թուրքիային վաճառելու հարցում, ապացուցում է, որ եթե անգամ չլիներ ռուս-թուրքական գործարքը, ԱՄՆ-ն ցանկության դեպքում կգտներ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու այլ տարբերակ:

Շիմշեքը շեշտում է, որ եթե անգամ Թուրքիան հետ կանգնի ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտքից, ԱՄՆ-ն կրկին կգտնի միջոց, որով կփորձի խոչընդոտել տարածաշրջանում Թուրքիայի ինքնուրույն գործելուն: