Գործարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

88.thumb_

Գործարկվել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջը (www.cassationcourt.am)` որպես հասարակության ու դատական իշխանության երկխոսության նոր հարթակ։ Այն կոչված է ապահովելու բարձրագույն դատական ատյանի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկումը, ինչպես նաև նպաստելու հետագա իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների շարունակական խախտումները բացառելուն և կանխատեսելի արդարադատության միջավայր ձևավորելուն։ Այս մասին հայտնում են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ դատական իշխանության գործունեության վերաբերյալ ձևավորվող հանրային ընկալման ցուցիչն ուղիղ համեմատական է դատական իշխանության հեղինակության աստիճանին, կայքը միտված է ՀՀ դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը: Այն նպաստելու է միջազգային լավագույն չափանիշներին համահունչ արդարադատության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքի հասցեատերերն են ինչպես մասնագիտական հանրությունը՝ իրավակիրառ պրակտիկայի և ակադեմիական հետազոտությունների կատարման համար, այնպես էլ ոչ մասնագիտական շրջանակները, որոնք տեղեկատվություն են ստանալու բարձրագույն դատական ատյանի գործունեության վերաբերյալ, ինչը կնպաստի քաղաքացիական հասարակության անդամների իրավագիտակցության բարձրացմանն ու իրավունքի պաշտպանության հստակ ուղիների բացահայտմանը։

Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքեջը ստեղծվել է Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համաֆինանսավորվող՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

--00—ՅՄ