Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ գործադրած ոստիկանները ընդունեցին իրենց ոչ իրավաչափ քայլերը

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ս

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին բռնի ուժով բերման ենթարկելու գործով ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթի շրջանակներում ոստիկանների մասնակցությամբ առերեսումներ են եղել։ Այս մասին 24News-ին ասաց հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը հույս հայտնեց, որ Ամանորից հետո քննչական գործողությունները կրկին կակտիվանան․ «Քննչական գործողությունների արդյունքը պետք է լիներ, որ անձանց մեղադրանք առաջադրվեր, այս առումով իրավապահների գործողություններն անաբավարար ենք գնահատում»։

Հարցին՝ քանի՞ ոստիկան պետք է որպես մեղադրյալ ներգրավվի, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե ընդունենք, որ 37 անձի բերման է ենթարկել 2-3 ոստիկան, հաշվեք, թե որքան են լինում»։ Փաստաբանի խոսքերով, ոստիկանները ցուցմունքներով ներկայացրել են իրենց գործողությունները։

«Առերսումներ եղան, ոստիկաններն, ըստ էության, ընդունեցին իրենց կողմից ոչ իրավաչափ գործողությունները։ Բառացի չընդունեցին, բայց բովանդակային իմաստով դա էր նշանակում»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։

Այս դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ