Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. բեկումնային փոփոխությունների և զարգացումների սպասումով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News

24

Շնորհավոր Ամանոր

Մեր շատ սիրելի ընթերցող ու հեռուստադիտող.

Ահա եկավ նոր՝ 2023 թ-ը, որը մենք դիմավորում ենք տխրության, տագնապի, բայց նաև հույսի զգացողություններով։ Մենք դիմավորում ենք նոր տարին այն պայմաններում, երբ Արցախի 120 000 մեր հայրենակիցները փաստացի գտնվում են գերիի ու պատանդի կարգավիճակում, երբ նրանց ճնշող մեծամասնությունը, եթե, իհարկե, ոչ բոլորը, պարենի պակասի պատճառով չեն կարող լցնել իրենց սեղանները համադամ արցախյան խորտիկներով, երբ նրանցից շատերի ընտանիքները հայտնվել են թշնամական շրջափակման երկու հատվածներում։

Մենք դիմավորում ենք նոր տարին թշնամական շարունակվող օկուպացիայի պայմաններում, երբ պետության տարածքային ամբողջականությունը խախտված է, երբ մենք ունենք այնպիսի անվտանգային մարտահրավերներ, որոնց լուծումը, ցավոք, այս պահին ոչ միայն մոտ չէ, այլ նաև հեռու է իրատեսական թվալուց։ Մենք դիմավորում ենք նոր տարին ներքին երկպառակվածության, փոխադարձ ատելության խորացման պայմաններում, երբ շատ դեպքերում իրար նկատմամբ ավելի վատ վերաբերմունք ունենք, քան՝ թշնամու։ Մենք դիմավորում ենք նոր տարին հայ ազգի ինքնության ճգնաժամի պայմաններում, երբ մեզ միավորող հոգևոր համակարգը խաթարված է, իսկ նոր միացնող գաղափար այդպես էլ չի առաջարկվում։

Դրա հետ մեկտեղ մենք դիմավորում ենք նոր տարին աղոթքով ու մեծ հույսով, որ առաջիկա եկող ամիսներին մենք հնարավորություն կունենանք ապրել առավել անվտանգ, առավել արժանապատիվ ու առավել պաշտպանված, վստահությամբ, որ Հավերժական Հայաստանը լինելու է, որտեղ ապրելու ենք մենք, մեր երեխաներն ու նրանց սերունդները։ Նոր՝ 2023 թ-ին, 24News-ի ողջ խմբագրակազմի ցանկությունն է ձեզ հայտնել բացառապես դրական, հույսով ու բեկումով լի նորություններ, որոնք ձեզ մի քանի վայրկյան ավելի երջանիկ ու փարատված կարող են դարձնել։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 --00—ԱՊ