2023 թ․-ին ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1940թ․-ի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

324717636_5858287724233041_6615161119731140412_n

2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։ 2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը․ որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։

Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։ Ավանդատու քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։

--00—ՅՄ