Մեկ ամիս հետո պարարտանյութի կարիք ենք ունենալու, ո՞ր պետական չինովնիկն է զբաղվում այդ հարցով․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերին ու հունվարին առատ ձյուն չտեսնելով՝ մի տեսակ երկմտում ենք՝ ձմե՞ռ է, թե՞ ուղղակի ցուրտ աշուն: Իհարկե, հիմնական մտահոգությունները նաև վերաբերում են գյուղատնտեսության ոլորտին, արդյոք դեռ պակաս տեղումներով ձմեռը բացասական հետևանքներ չի՞ ունենա մեր այգիների ու բերքի վրա: Զուգահեռաբար տեսնում ենք, որ մեր մարզերում ձյունն ավելի առատ է, քան մայրաքաղաքում:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ օրինակ՝ Վարդենիսի տարածաշրջանում հունվարի 10-ի դրությամբ ձյուն չկար: Հետաքրքրվում ենք՝ եղանակային նման պայմանները կարո՞ղ են խնդիրներ առաջացնել: «Խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ, բայց այս պահին դեռ այնքան էլ լուրջ վտանգներ չենք տեսնում, որքան ցանկանում են ոմանք աժիոտաժ ստեղծել: Սա նրա հետևանքն է, որ գյուղից ու գյուղատնտեսությունից հեռու որոշ մարդիկ ոլորտային պաշտոններ են գրավել: Վտանգը հետևյալն է. գյուղատնտեսության ոլորտի մարդիկ դա անվանում են արտավիժում: Խոսքն աշնանացանի մասին է այս դեպքում, երբ ցորենը սառում է և հողից դուրս է մղվում: Հնարավոր է նման պրոցես, բայց իմ ընդհանուր դիտարկումներից ու նաև փորձից ելնելով, կարծում եմ, դրան չենք հասնի:

Օրինակ՝ Էջմիածնի տարածաշրջանում ահագին ձյուն էր եկել: Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո տեղումներ կունենանք: Շատ է խոսվում նաև ջրամբարների մասին: Դեռ շուտ է որևէ բան ասել: Իհարկե, լավ կլիներ, եթե առատ ձնածածկույթ ունենայինք, բայց պետք չէ եզրակացություններ անել: Հնարավոր է, որ հունվարի վերջին ու փետրվարին առատ տեղումներ ունենանք: Եթե ընդհանուր՝ ամբողջ աշխարհի կոնտեքստով դիտարկենք կլիմայական փոփոխությունները, ապա պատկերն ավելի հասկանալի կլինի: Գործ ունենք փոփոխված եղանակային պայմանների հետ: Տարիները շատ տարբեր են, ունեցել ենք ձնառատ և, առհասարակ, տեղումնառատ տարիներ, և հակառակը՝ տարի, երբ տեղումների պակասն ակնհայտ էր: Գյուղատնտեսությունն այնպիսի բնագավառ է, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինես: Ցավոք, հիմա բոլորը միայն խոսում են, ուրիշ բան չեն անում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Սեպտեմբերյան պատերազմից հետո հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շատ են ահազանգեր հնչում, թե մարդիկ երկմտում են՝ զբաղվե՞լ անասնապահությամբ, հողագործությամբ, թե՞ ոչ: Մի կողմից՝ որոշ հատվածներում թշնամու դիտակետում գտնվող արոտավայրերում կենդանիներին արածեցնելու վտանգն է, մյուս կողմից՝ մարդուն բնորոշ բնական անհանգստությունն ու տագնապը: Բերբերյանն ընդգծում է՝ վերջերս, այո, գյուղացիների շրջանում վախ է նկատվում և հարցերի տեղատարափ՝ բա որ կռիվն սկսվե՞ց, բա որ…: «Սա պրոպագանդայի հետևանք է, սա էլ տնտեսական դիվերսիայի ձև է: Կարծես թե ամեն ինչ անեն, որ մեզ մոտ վար ու ցանք չլինի: Խնդիրներ, այո, կան, բայց կանխատեսումներ անել, որ հնարավոր է վաղն ինչ-որ բան կլինի և հող չմշակել կամ անասուն չպահել, ամենաքիչը ճիշտ չէ: Կարծես հատուկ աշխատանք տանեն և գյուղացուն վախեցնեն: Օրերս Արարատյան հարթավայրի ֆերմերներն ինձ հարցնում էին՝ ցանք անե՞նք, թե՞ ոչ: Պատասխանում եմ՝ իհարկե, պետք է անեք: Այս վախի հոգեբանությունը հանենք մեր միջից»,-հավելում է փորձագետը:

Ինչ վերաբերում է այս տարվա ակնկալիքներին, ընդգծում է. «Վերջերս բավականին լայնածավալ քննարկում ենք ունեցել լուրջ մարդկանց հետ, այս պահին անուններ չնշեմ: Հարցեր բարձրացրեցինք, լուծումներ առաջարկեցի, ունենք այն պլանը, թե ինչպես անգամ մեկնարկային կետից կարելի է ոլորտը ոտքի հանել և արդյունքներ գրանցել: Ուղղակի պետք է հետևողական աշխատանք կատարես, տիրապետես բնագավառի հմտություններին և լուծումներ տաս: Օրինակ՝ մեկ ամիս հետո պարարտանյութի կարիք ենք ունենալու, ո՞ր պետական չինովնիկն է զբաղվում այդ հարցով: Ոչ ոք: Նորից նույն խնդրի առջև ենք կանգնելու: Պաշտոնները գրավում են, պարգևատրվում և վերջ: Այսօր կառավարության ամենամեծ վնասը տգետ կադրերն են»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ