Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը․ Գեղամ Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Screenshot 2023-01-17 172642

Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հունվարի 17-ին՝ ժամը 13:00֊ին, ադրբեջանական կողմը կրկին դիտավորյալ խափանել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող միակ գազատարի աշխատանքները։ Ձմեռվա ցուրտ եղանակային պայմաններում Արցախի 120 000 բնակչությունը զրկված է ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից։

Այս իրավիճակը խորացնում է հումանիտար ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 37 օր տևող շրջափակման հետևանքով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու կենսական իրավունքների լայնածավալ ու համատարած խախտումների։

2020  թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող համակարգային հանցագործությունները, Արցախի ամբողջական շրջափակումը, ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները և այլ հանցավոր գործողությունները Արցախը էթնիկ զտման ենթարկելու և Արցախի հայությանը ցեղասպանելու ադրբեջանական նկրտումների անհերքելի ապացույցներ են»։

--00—ՅՄ