Բենզալցակայանում կատարված ավազակությունը բացահայտվել է. 37-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

․

Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է:

Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է բանալին և մոտ 30 րոպե զուգարանից դուրս չի եկել, իսկ երբ ինքը փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, նա անսպասելի հրել և գետնին է գցել իրեն, քարով խփել գլխին և հափշտակելով իր մոտ եղած փողը՝ դիմել է փախուստի:

Ավազակության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի 37-ամյա բնակիչը: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում 37-ամյա տղամարդը հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

--00--ՀԱ