Երևանը ՀԱՊԿ-ի փոխարեն նախընտրում է ԵՄ-ի հետ պայմանավորվել, այն կարող է ոչ կառուցողական լինել. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Հավաքական անվտանգության կազմակերպությունը (ՀԱՊԿ) դժվարություններ ունի Հայաստանում, քանի որ Երևանը վերջին գագաթնաժողովի ժամանակ հրաժարվեց ընդունել կազմակերպության հիմնական փաստաթուղթը, ինչպես նաև ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, որը պետք է տեղակայվեր Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր հայ գործընկերները պահանջում էին, որպեսզի ՀԱՊԿ-ն շատ կոշտ դատապարտի Ադրբեջանի գործողությունները, սակայն դա արդեն ամեն անդամ երկրի գործն է։ Մենք առաջարկեցինք ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, հայկական կողմը մերժեց»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ն հիմա էլ է պատրաստ Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն, սակայն «հայկական իշխանությունները նախընտրում են ԵՄ-ի հետ պայմանավորվել»։

«Այդպիսի առաքելությունը կարող է լինել ոչ արդյունավետ, եթե չի իրականացվում Բաքվի համաձայնությամբ»,-նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ