ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռներից մեկը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1102321 (1).jpg

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ և ինքնաբավ բևեռներից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ միության ներսում սերտ ինտեգրումը «արժանի պատասխան է դարձել համավարակի և մի շարք երկրների կողմից անօրինական պատժամիջոցների կիրառման պատճառով սրված այնպիսի գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունները և ռեսուրսների, ներառյալ դրանցից ամենագլխավորների՝ սննդի, ջրի,  էներգակիրների պակասը»։

«Ակնհայտ է, որ միությունն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ, ինքնաբավ բևեռներից մեկը, լինելու ձգողության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ», - ընդգծել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանն ընդունել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահն, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ԵԱՏՄ-ի զարգացման տեմպերը 2015 թ.-ին դրա հիմնադրման պահից ի վեր:

«Միությունը վստահորեն զարգանում է, ակնառու կերպով ցույց Է տալիս իր արդյունավետությունն ու պահանջվածությունը», -ասված է ուղերձում։

Պուտինի խոսքով՝ միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի բացարձակ ծավալն այս ժամանակահատվածում աճել է 60 %-ով և 2021 թ.-ին հասել պատմական առավելագույնին՝ 73,1 միլիարդ դոլարի, իսկ արտաքին առևտրի ծավալն աճել է 46 %-ով՝ հասնելով մինչև 846,3 միլիարդ դոլարի։

«Ընդ որում, միության ներքին առևտրաշրջանառության մեջ ամեն տարի ավելանում է բարձր հավելյալ արժեք ունեցող ոչ հումքային ապրանքների բաժինը: Բնակչության մեկ շնչին ընկնող միագումար ՀՆԱ-ի աճը կազմել է 28,7%, իսկ ազգային արժույթներով վճարումների բաժինը մոտեցել է 75%-ի նշագծին», - հայտնել Է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է նաև արտաքին գործընկերների հետ միության համագործակցության կարևորությունը և երրորդ երկրների հետ ազատ առևտրի շուրջ  համաձայնագրերի դրական ազդեցությունը։

«Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել Եգիպտոսի, Իրանի և Հնդկաստանի հետ համանման համաձայնագրերի շուրջ ընթացող աշխատանքի ավարտին, ինչպես նաև ակտիվացնել նոր բանակցություններ, այդ թվում՝ Ինդոնեզիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ», - գրել է նա։

Պուտինի խոսքով՝«միութենական» ապրանքների արտահանման ավելացմանն ու նոր լոգիստական շղթաների ստեղծմանը կնպաստի ԵԱՏՄ-ի «միջազգային հարաբերությունների և շփումների աշխարհագրության ընդլայնումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ:

«Մեր միավորումը կարող է Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման առանցքային կենտրոններից մեկի դեր կատարել», - վստահ է ՌԴ ղեկավարը:

 --00—ԶՀ